երեքշաբթի, 10 հունվարի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարականի համաձայն, հունվարի 16-ից 20-ը վարչապետի մոտ տեղի կունենան ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների 2005թ. գործունեության հաշվետվությունների քննարկումներ:
Նախարարներն ու պետական կառավարման մարմինների ղեկավարները կներկայացնեն տարվա ընթացքում ՀՀ կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ցանկի և նույն որոշմամբ ամրագրված գերակա խնդիրների համաձայն կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները՝ նշելով նաև թերացումներն ու աշխատանքների չկատարման պատճառները:
Ըստ հաստատված ժամանակացույցի, հունվարի 16-ին 2005թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ կներկայացնեն ՀՀ բնապահպանության, էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարները, հունվարի 17-ին՝ ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ղեկավարները: Հունվարի 18-ին կլսվեն ՀՀ արդարադատության, առևտրի և տնտեսական զարգացման, արտաքին գործերի, քաղաքաշինության նախարարությունների, հունվարի 19-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ ոստիկանության և պետական գույքի կառավարման վարչության տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները: Հաշվետվությունները կավարտվեն հունվարի 20-ին՝ ՀՀ տարածքային կառավարման, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, հարկային պետական ծառայության ղեկավարների ներկայացրած հաշվետվությունների քննարկմամբ:
Վարչապետի հանձնարարականում նախարարներին ուղղված պարտադիր պահանջների մեջ, ինչպես նախորդ տարիներին, ամրագրվել է նաև զանգվածային լրատվամիջոցներին ևս հաշվետվությունները ներկայացնելու պահանջը: Այդ նպատակով կպատրաստվեն հաշվետվությունների սեղմագիր տարբերակներ և կատարված աշխատանքին հանգամանորեն անդրադարձ կլինի մամուլի ասուլիսներում: