երկուշաբթի, 16 հունվարի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Վրաստանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլիին:
Շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ հայ-վրացական հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ բարիդրացիական հունով, կկենսագործվեն երկու երկրների նախագահների ու վարչապետների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:
Գելա Բեժուաշվիլին Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի ողջույնները, տեղեկացրել իր երկրում ընթացող քաղաքական, տնտեսական գործընթացներին:
Զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ երկու երկրների բարձրաստիճան ղեկավարների հաճախակի փոխայցելությունները երկուստեք սերտ համագործակցության վկայություններից են: Նրանք դրական են գնահատել նաև մի շարք հարցերի շուրջ Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությունը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Այդ համատեքստում Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախարար Գելա Բեժուաշվիլին գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման ընթացքից: Միաժամանակ, նրանք նշել են, որ հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը կարող է նպաստել տրանսպորտային հաղորդակցության զարգացումը: Այդ հարցում, սակայն, ըստ վարչապետի, տնտեսական մի շարք հարցեր որոշակի քաղաքական ենթատեքստ ունեն և առանձնահատուկ ուշադրություն են պահանջում: Անդրանիկ Մարգարյանը, նշել է, մասնավորապես, Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղագծի շինարարության նախագծի շուրջ աշխատանքների ակտիվացումը՝ ի հակակշիռ արդեն իսկ գոյություն ունեցող, սակայն Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով չգործող Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղագծի: Մինչդեռ, ըստ վարչապետի, վերջինիս վերաբացումը Կովկասի բոլոր երկրներին թույլ կտա հավասարապես օգտվել տարածաշրջանի միջանցիկ հնարավորություններից: Վրաստանի արտգործնախարարը վստահեցրել է, որ իր երկիրը փորձում է հնարավորինս հաշվի առնել նաև հարևան երկրների շահերն ու մտահոգությունները և շահագրգիռ է տարածաշրջանում բոլոր հարևանների հետ ակտիվ ու փոխշահավետ համագործակցություն ծավալելու հարցում:
Զրուցակիցները կարևորել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի դերը երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանման գործում: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ երկու վարչապետների հաջորդ հանդիպումը նախնական պայմանավորվածության համաձայն կկայանա Բաթումիում, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում, հավանաբար այս տարվա մայիսին: Անդրանիկ Մարգարյանը և Գելա Բեժուաշվիլին քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության՝ մասնավորապես, Հայաստանի և Վրաստանի էլեկտրական համակարգերի զուգահեռ ռեժիմով աշխատանքի կազմակերպման հարցեր: Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ վրացական կողմը հետաքրքրությամբ հետևում է նաև Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ընթացքին և ընդգծել է, որ իր երկիրը ևս շահագրգիռ է այս ոլորտում Իրանի հետ համագործակցություն զարգացնելու հարցում:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դարձյալ անդրադարձել է Ջավախքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ծրագրի հնարավորինս արագ հաստատման անհրաժեշտությանը, նշելով, որ այն հնարավորություն կընձեռի համակարգված և ծրագրավորված ձևով լուծելու այդ տարածաշրջանում առկա խնդիրները: Նա մեկ անգամ ևս հավաստել է այդ ուղղությամբ վրացական իշխանությունների հետ համագործակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, ներկա փուլում, երկու երկրների վարչապետների որոշմամբ, հայկական կողմը օժանդակություն կցուցաբերի մի շարք կրթական օբյեկտների վերականգնմանը:
Զրույցի ընթացքում Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ կրոնի մասին օրենքի ընդունումից հետո կլուծվեն նաև Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու թեմի իրավաբանական ձևակերպման հարցը և սրա հետ կապված այլ խնդիրներ: Վարչապետը նշել է, որ թերևս, մինչև հարցի վերջնական կարգավորումը, նպատակահարմար է միջանկյալ լուծումներ գտնել, որտեղ ևս հայկական կողմն ակնկալում է Վրաստանի իշխանությունների աջակցությունը: Ի պատասխան Վրաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ հարցը քննարկելու է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ նախատեսված իր հանդիպման ընթացքում և հույս է հայտնել, որ հարցի կարգավորման ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերը արդյունք կտան:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ևս խնդրել է իր ուղջույնները փոխանցել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիին, հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով երկու երկրների միջև համագործակցությունը գնալով ավելի կակտիվանա: