ուրբաթ, 27 հունվարի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, հայոց բանակի հրամանատարներ և զինվորներ,
շնորհավորում եմ մեր ժողովրդի և պետականության համար նշանակալից տոնի՝ Բանակի օրվա առթիվ:
Ծնունդ առնելով արցախյան հերոսամարտի օրերին և միաձուլելով հայկական ռազմարվեստի պատմական հարուստ ավանդույթներն ու հայրենիքի նորօրյա նվիրյալների ազատատենչ ոգին, հետագա տարիներին հայոց բանակը կայացման փառավոր ճանապարհ է անցել: Գրեթե մեկուկես տասնամյակի ընթացքում ժողովրդի ու պետության կողմից բանակաշինության նկատմամբ ցուցաբերված հոգատարության, ազգ-բանակ-պետություն միասնության հիմքերի ամրապնդման շնորհիվ, հայոց բանակն այսօր ոչ միայն հուսալիորեն պաշտպանում է մեր երկրի պետական սահմաններն ու անկախությունը, այլև հնարավոր մասնակցություն ունենում միջազգային խաղաղապահ գործընթացներին, նոր մարտահրավերների դիմակայմանը:
Շարունակելով բանակաշինությանն ուղղված համազգային մեր ջանքերը, մենք հստակորեն գիտակցում ենք, որ հայկական զինված ուժերի հետագա հզորացումը նաև Արցախի անվտանգության կարևոր երաշխիքներից է:
Շնորհավորելով հայոց բանակի կազմավորման 14-ամյակի առթիվ, բոլորիս մաղթում եմ տևական խաղաղություն, մեր պետությանը՝ կայունություն ու հզորացում, հայոց բանակին բարձր մարտունակություն՝ ի շահ մեր ժողովրդի և պետության: