չորեքշաբթի, 1 փետրվարի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օննո Ֆրեդերիկ Գուդենոլ Էլդերենբոշին (նստավայրը՝ Թբիլիսի):
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են, մասնավորապես, բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, համագործակցության հաստատումը Եվրամիության «Եվրոպական հարևանության քաղաքականության» շրջանակներում: Օննո Էլդերենբոշը նշել է, որ իր երկիրը ոչ միայն ուշադրությամբ հետևում է Հայաստան-Եվրամիություն բանակցությունների ընթացքին, այլև հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Հաշվի առնելով Նիդերլանդների կարևոր դերակատարությունը համաեվրոպական անվտանգության համակարգում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի անհատական գործընկերության և գործողությունների ծրագրի հաստատումը, զրուցակիցները կարևորել են նաև երկկողմ համագործակցության ակտիվացումը ՆԱՏՕ-ի «Գործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
Հանդիպման ժամանակ կողմերը նշել են երկու երկրների միջև սերտ հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը նաև տնտեսության, առևտրի, առողջապահության, էներգետիկայի, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում: Անդրանիկ Մարգարյանը և Օննո Էլդերենբոշը արտահայտվել են, մասնավորապես, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման օգտին, քանի, որ, ըստ նրանց, ներկայումս դրա համար լավ նախադրյալներ են ստեղծվել: Կողմերի կարծիքով, մոտ ժամանակներում տնտեսական ոլորտում համագործակցության համար անհրաժեշտ իրավական բազայի ձևավորումը, բանակցման փուլում գտնվող ծրագրերի իրականացումը, գործարար համաժողովների կազմակերպումը զգալիորեն կնպաստեն առևտրային ծավալների մեծացմանը:
Ընդգծելով, որ երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման համար քաղաքական խոչընդոտներ չկան, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ Նիդերլանդների փոխվարչապետ և ֆինանսների նախարար Գերիտ Զալմի՝ 2005թ. հունիսին Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները երկուստեք ջանքերի արդյունքում կյանքի կկոչվեն և հավաստել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հնարավորինս օժանդակելու փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: