չորեքշաբթի, 8 փետրվարի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է Համահայկական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների համակարգման կազմկոմիտեի նիստ: Քննարկվել և հաստատվել է 2006 թվականին Երևանում անցկացվելիք համահայկական միջոցառումների ծրագիրը, որն, ըստ էության, արդեն իսկ մեկնարկել է փետրվարի 2-9-ը Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից Ծաղկաձորում անցկացվող ուսանողության և երիտասարդության «Բազե Ձմեռ-2006» համահայկական հավաքով: Զեկուցվել է, որ ծրագիրը կազմվել է բոլոր նախարարություններից ու գերատեսչություններից ստացված առաջարկությունների հիման վրա: Տարբեր նախարարությունների պատասխանատուներից բաղկացած կազմկոմիտեի անդամները ներկայացրել են նախատեսված շուրջ մեկ տասնյակ միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը և անցկացման հնարավոր ժամկետները: Ծրագրի համաձայն, տարեկան միջոցառումները կշարունակվեն հունիսին՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երկրորդ փառատոնի և պատգամավորական բարեկամության հայկական երկրորդ վեհաժողովի կազմակերպմամբ: Արդեն ավանդական դարձած համահայկական երիտասարդական չորրորդ համաժողովը, «Ոսկե Ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնը, ինչպես նաև համահայկական կրթական երկրորդ համաժողովը տեղի կունենան հուլիս ամսին: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները կանցկացվեն օգոստոսին: Նշվել է, որ ՀՀ վարչապետին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի որոշմամբ աշնանը՝ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին հայտարարվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակ», որի շրջանակներում կիրականացվեն ոլորտին նվիրված բազամաթիվ միջոցառումներ: Սեպտեմբերին կկայանան նաև Համահայկական տնտեսական երկրորդ համաժողովն ու Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը:
Կազմկոմիտեի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է հստակեցնել ծրագրով նախատեսված որոշ միջոցառումների ֆինանսական նախահաշիվները ևս և ներկայացնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: