հինգշաբթի, 9 փետրվարի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Նախքան օրակարգային հարցերին անցնելը, վարչապետը շնորհավորել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գևորգ Գևորգյանին՝ հույս հայտնելով, որ աշխատակազմի իր գործընկերների հետ միասին, նրան կհաջողվի լուծել նախարարության առջև դրված խնդիրները:
Մայրաքաղաքում առատ ձյան մաքրման և տեղափոխման աշխատանքներին աջակցելու նպատակով, նիստում որոշվել է Երևանի քաղաքապետարանին պետական միջոցների հաշվին հատկացնել 100 մլն դրամ: Գումարը հատկացվել է՝ որպես պետական օժանդակություն թաղային համայնքներին՝ Երևանի քաղաքապետի կողմից հաստատված առանձին թաղային համայնքների բաշխման համաձայն:
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ, որոնք պայմանավորված են նրանով, որ 2006թ. պետական առողջապահական նպատակային ծրագրերով առաջնային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունը պետական պատվերի շրջանակներում իրականացվելու է ամբողջ բնակչության համար՝ անկախ տարիքից և սոցիալական վիճակից, որի արդյունքում անվճար բուժօգնություն ստանալու համար դիմող անձանց թիվն ավելանում է՝ բուժկազմակերպություններում առաջացնելով հերթեր: Վերոհիշյալ որոշման փոփոխությունը նպատակ ունի կանոնակարգել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժծառայությունների մատուցման հերթագրման, կենտրոնացված կարգով նորագույն բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման գործընթացները:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին, միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 9 ամիս հետո, բացառությամբ վերելակի շահագործման սպասարկող անձնակազմի հետ մշտական կապ ապահովող երկկողմանի հաղորդակցության միջոցներով խցիկներն ապահովելու վերաբերյալ կետի, որն ուժի մեջ կմտնի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարի հետո:
«Ջրի ազգային քաղաքականության հիմնախնդիրների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը սահմանել է ՀՀ կառավարության կամ ջրօգտագործողի պահանջով ջրային ռեսուրսների ամբողջական և մասնակի գնահատման և դրանց մեխանիզմների սահմանման կարգը: Այն կնպաստի ազգային ջրային պաշարի պահպանմանն ու ավելացմանը, ջրային ռեսուրսների պահանջարկի ձևավորմանը, ինչը կխթանի ջրային ռեսուրսների արդյունավետ և լիարժեք կառավարման ու պահպանության գործընթացը:
Մեկ այլ որոշմամբ, նիստում հաստատվել է նաև Հայաստանի Հանրապետությունում բնակելի շենքերի գազաֆիկացման կարգը: Այն կարգավորում է բազմաբնակարան շենքերի, առանձնատների և բնակելի այլ շենքերի գազաֆիկացման հետ կապված գործընթացները և սահմանում նախկինում կառուցված ու չգազաֆիկացված բնակելի շենքերի գազաֆիկացմանը ներկայացվող պահանջները: Նշվել է, որ սույն կարգի պահանջները չեն տարածվում նախկինում գազաֆիկացված բնակելի շենքերի գազամատակարարման վերականգնման, նոր կառուցվող բնակելի շենքերի (թաղամասերի) գազաֆիկացման վրա: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեքամսյա ժամկետում նախարարության կողմից ընդունված ոլորտին առնչվող իրավական ակտերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2000թ. հունվարի 12-ի «ՀՀ-ում բազմաբնակարան շենքերի գազաֆիկացումը և գազամատակարարումը վերականգնելու մասին» N 11 որոշումը:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի «Դատարանների վճիռներով ՀՀ սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը հանձնվող ՝ ինքնակամ շինություն հանդիսացած անշարժ գույքը կառուցապատողներին տրամադրելու միջոցառումների մասին» N1489-Ն որոշումը: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ 2005թ. նոյեմբերի 26-ից «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը գործողության մեջ դրվելուց հետո պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի ճանաչումը տեղի է ունենում օրենքի ուժով:
ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 23 մլն 67.4 հազար դրամ է հատկացրել ՀՀ սահմանադրական դատարանին՝ սահմանադրական փոփոխությունների հետևանքով աշխատանքի ծավալների ընդլայնման կապակցությամբ դատարանի աշխատակազմի աշխատողների թիվն ավելացնելու, նրանց համապատասխան նյութատեխնիկական միջոցներով ապահովելու և պահպանման ծախսերն իրականացնելու նպատակով:
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը նաև սահմանել է, որ «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» օրենքի «ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել 180 ծառայողի վերապատրաստման ծառայություն: Որպես նշված ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվերի նախահաշվային արժեք՝ մեկ վերապատրաստվողի համար մեկ ժամվա արժեքը 2006թ. համար սահմանվել է 1433 դրամ:
Այլ որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, ինչպես նաև փոփոխություն է կատարվել 2001թ. սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու վերաբերյալ N 895 որոշման մեջ: Որոշման ընդունումը բխում է 2005թ. օգոստոսի 13-ին գործողության մեջ դրված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, որով ուժը կորցրած է ճանաչվել «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև սահմանվել է, որ 2006թ. հունվարի 1-ից էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորման բոլոր՝ այդ թվում նաև լիցենզավորման գործառույթները պետք է իրականացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Նիստում ընդունված մի շարք որոշումներ վերաբերել են ՀՀ փրկարար ծառայության ոլորտի կանոնակարգմանը: Մասնավորապես, սահմանվել են փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները, նրանց լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող վնասակար աշխատանքների, ծառայության հատուկ և այլ պայմանների ցանկը, առանց բարձրագույն կրթության՝ համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողների որակավորման դրական արդյունքների դեպքում ավելի բարձր պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները: Հաստատվել է նաև ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի «ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1389-Ա որոշման մեջ կատարված լրացմամբ, գործադիրը սահմանել է, որ «ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար առաջին մասնագիտական դասընթացներն անցկացնում է ՀՀ պետական կառավարման ակադեմիան»:
Գործադիրը որոշել է համաձայնել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության՝ իր տնօրինության Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի N 68, Կիևյան N 8, Մոլդովական N 70/2, Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի N 10 հասցեներում և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հաղթանակի 40-ամյակի փողոցի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի տնօրինության Աէրացիա թաղամասում գտնվող N 1 և N 2 հանրակացարանային բնակելի տարածքները՝ դրանցում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց, օրենսդրությամբ սահմանված կարգով, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին միջնորդություններին: Համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 18-ի «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» N 1278-Ա որոշման մեջ:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև ոռոգման ոլորտի բարեփոխումների ծրագրերով նախատեսված գործընթացների արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ն, առանձնացման ձևով, վերակազմակերպել՝ ստեղծելով «Սևան-Հրազդան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» ՓԲԸ-ները: Այդ ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված մյուս լիազորությունները վերապահվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին: Որոշմամբ «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ն վերակազմակերպվել է՝ միացվելով «Ոռոգում» ՓԲԸ-ին:
«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը հաստատել է պետական բյուջեի «Արտադպրոցական դաստիարակություն - այլ պետական մարմիններ» ծրագրի գծով պետական աջակցության բաշխումը ըստ առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների՝ այդ իրավաբանական անձանց հետ կնքելով նվիրատվության պայմանագիր: Այլ որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ 2006թ. պետական բյուջեի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2006-2008թթ. պետական ծրագրի իրականացման նպատակով պետական աջակցություն» ծրագրով նախատեսված միջոցների բաշխման ընդհանուր ցանկը՝ ըստ գույքի կազմի և բաշխումը՝ ըստ կազմակերպությունների և գույքի կազմի: Սահմանվել է, որ որոշմամբ հասարակական կազմակերպություններին հատկացվող գույքը տրվում է անհատույց օգտագործման իրավունքով: Թույլատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին՝ վերաբաշխել սույն որոշմամբ հասարակական կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված գույքը:
Նիստում գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հոկտեմբերի 2-ի «ՀՀ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման մեջ՝ այն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածով սահմանված դրույթներին համապատասխանեցնելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Ամասիայի տեղական գանձապետարանի բաժնի ՀՀ Շիրակի մարզի Ամասիա գյուղում գտնվող 115 քմ ընդհանուր մակերես ունեցող շենքից 48 քմ մակերեսով տարածքը հետ է վերցվել և ամրացվել «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ Շիրակի մարզային գործակալության Ամասիայի տարածքային բաժնի գործունեությունը կազմակերպելու համար:
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը որոշումներ է ընդունել նաև ՀՀ Արարատի մարզի Բաղրամյանի և Վարդաշենի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները հաստատելու, մի շարք համայնքների հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ: