երեքշաբթի, 14 փետրվարի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը շնորհավորել է պարոն Մոթթաքիին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 27-րդ տարեդարձի կապակցությամբ, գոհունակություն հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված պատմական ավանդույթներին համապատասխան, բազմաբնույթ ու փոխշահավետ համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է Իրանի նոր կառավարության ձևավորումից հետո ևս: Ըստ նրա, այդ են վկայում նաև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի փոխայցելություններն ու հանդիպումները, արտաքին գործերի նախարարությունների միջև գործնական կապերի զարգացումը: Համագործակցության խթանումը, ըստ վարչապետի, բխում է ոչ միայն Հայաստանի և Իրանի շահերից, այլև նպաստավոր է ամբողջ տարածաշրջանի համար: Հայաստանի կառավարության ղեկավարի կարծիքով, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Իրանի հավասարակշռված քաղաքականությունը որոշակի դեր է խաղում տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում:
Անդրադառնալով արտաքին հարաբերությունների ասպարեզում Հայաստանի որդեգրած քաղաքականությանն ու ընթացող զարգացումներին, վարչապետը, հավաստիացրել է, որ դրանք չեն կարող վնասել Հայաստան-Իրան համագործակցությանը: Անդրանիկ Մարգարյանը մտահոգություն է արտահայտել վերջին շրջանում լարված Իրան-միջազգային հանրություն իրավիճակի առնչությամբ, հույս հայտնելով, որ առկա հարցերի լուծումը հնարավոր կլինի գտնել միջազգային նորմերի շրջանակներում՝ բանակցությունների ճանապարհով:
Պարոն Մոթթաքին, իր հերթին, նշել է, որ Հայաստանի զարգացումն ու բարգավաճումը բխում է նաև Իրանի շահերից: Նրա կարծիքով, այդ բանի վկայություններից է նաև այն, որ չնայած վերջին տարիներին տարածաշրջանում տեղի ունեցած վայրիվերումներին, հայ-իրանական հարաբերությունների զարգացումն ընթացել է կայուն հունով: Դիվանագետը նշել է, որ իր երկրի նախագահի և կառավարության որոշմամբ այսուհետ Իրանի արտգործնախարարությունն ավելի մեծ դերակատարություն է ունենալու այլ երկրների, այդ թվում նաև Հայաստանի հետ ստեղծված միջկառավարական հանձնաժողովներում, ինչը, ըստ, նրա, կնպաստի կայացված որոշումների նկատմամբ հետևողականությանն ու առավել արագ իրականացմանը:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին: Վարչապետը կարևորել է Հայ-իրանական տնտեսական կապերի միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ գոհունակությամբ նշելով, մասնավորապես, հանձնաժողովի վերջերս կայացած հերթական՝ 6-րդ նիստի արդյունավետությունը: Նա հույս է հայտնել, որ ընդունված որոշումների ու ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում կարվեն նաև գործնական քայլեր՝ դրանց շուտափույթ իրականացման նպատակով: Համագործակցության փոխշահավետ ծրագրերի իրագործման համար առավել հեռանկարային ոլորտների թվում Անդրանիկ Մարգարյանը և Մանուչեհր Մոթթաքին նշել են, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի բնագավառները: Պարոն Մոթթաքին հավաստել է իրանական ընկերությունների պատրաստակամությունը՝ Հայաստանում լուրջ ներդրումներ կատարելու նաև արդյունաբերության, կապիտալ շինարարության ոլորտներում:
Զրուցակիցները վերջին տարիների կարևոր ձեռքբերումներից են համարել երկու երկրների միջև ծավալված միջմարզային համագործակցության ակտիվացումը ևս: