հինգշաբթի, 16 փետրվարի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ մինչև 2006թ. դեկտեմբերի 31-ը ապահովել «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի մշակումը և սահմանված կարգով գրանցումը: Ժամկետ է տրվել ՀՀ արդարադատության, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության նախարարներին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարի մոտ մեկ անգամ ևս քննարկել և վերջնական տեսքի բերել նախագիծը:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 113 մլն դրամ է հատկացրել ՀՀ մարզպետարաններին՝ անվտանգության նկատառումներով հանրապետությունում 2006թ. գետերի գարնանային կանխատեսվող հեղեղումներից առաջ գետերի և հեղեղատարների հուների մաքրման և ափերի ամրացման առաջնահերթ աշխատանքներ իրականացնելու համար: Հանձնարարվել է ՀՀ մարզպետներին՝ որոշման մեջ նշված աշխատանքները համակարգելու նպատակով մարզպետարաններում ստեղծել շտաբներ:
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2006 թվականի երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը, որն ընդգրկում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող երկրաբանահետախուզական, ինչպես նաև տարածաշրջանային երկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական, հիդրոերկրաբանական և այլ աշխատանքները: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի «ՀՀ 2006թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման համապատասխան:
ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, գործադիրը 317 մլն 108 հազար դրամ է հատկացվել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, որի արդյունքում կապահովվի Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերի իրագործման համար Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից այդ նպատակով ՀՀ-ին հատկացված դրամաշնորհների միջոցների 2005թ.-ի համար նախատեսված մասնաբաժնի՝ ըստ սահմանված կարգի մշակված և հաստատված ծրագրի իրականացումը: Այդ կապակցությամբ փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել են վնասակար նյութերի սահմանաքանակները՝ արտադրական օբյեկտներն ըստ վտանգավորության դասակարգելու նպատակով: Սահմանվել է, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, վտանգավոր են համարվում այն օբյեկտները, որտեղ մեկ օրվա ընթացքում արտադրվող, վերամշակվող, պահվող, փոխադրվող, օգտագործվող կամ ստացվող վնասակար նյութերի ծավալները գերազանցում են սույն որոշմամբ հաստատված սահմանաքանակները:
Նիստում կառավարությունը հաստատել է նաև ՀՀ 2006թ. պետական բյուջեի «Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2006թ. պետական պատվերը: Որոշմամբ առավել կհստակեցվեն պետական պատվերով կատարվող ձկան պաշարների համալրման աշխատանքների ծավալներն ու տեսակները:
Այլ որոշումներով, «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների ձևավորման սկզբունքները և հաստատման կարգը, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկն ու նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը:
Ելնելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներից, նիստում հաստատվել են տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգը, հավատարմագրման հայտի վկայագրի ձևերը: Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկու ամսվա ընթացքում ստեղծել տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում հավատարմագրման հանձնաժողով և հաստատել հավատարմագրման նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի փորձաքննության եզրակացության ձևերը:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՓԲԸ-ն վերանվանել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ նշված ընկերությունը, բացի հեռուստաալիքների հեռարձակումից, իրականացնում է նաև ռադիոհեռարձակման գործունեություն:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ առողջապահության նախարարության և Սլովենիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև համագործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի գույքի կազմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առանձնացնել 2005թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ 16 մլրդ 642 մլն 631 հազար 681,33 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և 7 մլրդ 698 մլն 461 հազար 263,36 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ապրանքանյութական արժեքները և, որպես պետական սեփականություն, ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ այդ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման և այն, սահմանված կարգով, վարձակալ «Ժեներալ դեզ Օ» կազմակերպության կողմից ստեղծված «Երևան Ջուր» ՓԲԸ-ի անհատույց օգտագործմանը հանձնելու նպատակով: Որոշվել է նաև Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ները վերակազմակերպել՝ Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին միացնելու ճանապարհով:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ոչ ուշ, քան յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող երեք մամուլի միջոցով ապահովել 1-ին և 2-րդ եռամսյակների ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց 200 հազար դրամ և ավելի, 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում 300 հազար դրամ և ավելի պարտք ունեցող բաժանորդների տվյալների հրապարակումը: Հանձնարարվել է նաև ցանկերում ներառել պարտատիրոջ և պարտապանի անվանումները, վերջինիս կողմից սպառած ոռոգման ջրի ծավալը, վճարման ենթակա գումարը և առաջացած պարտքի չափը: Որոշումն ընդուվել է նշված ոլորտում առկա հարաբերությունների կանոնակարգման նպատակով:
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 3-ի «ՀՀ-ում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ՝ ընտանեկան նպաստի հասցեականության մեծացման նպատակով:
Մեկ այլ որոշմամբ 2006թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 57 մլն 211.5 հազար դրամ է հատկացվել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի շրջանակներում կապիտալ ներքին տրանսֆերտային վճարումներ կատարելու համար:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 25 մլն 43 հազար դրամ է հատկացրել ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովի աշխատակազմի լուծարման աշխատանքային խմբին՝ «ֆինանսական շուկայի կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» ՀՀ օրենքի համաձայն 2006թ. հունվարի 8-ից ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի լուծարման կապակցությամբ օրենսդրության համաձայն հանձնաժողովի 2006թ. երկու ամիսների գործունեության հետ կապված պահպանման ծախսերի և լուծարման հետ կապված աշխատողների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման նպատակով:
Կառավարությունը հաստատել է «Հարկային և պարտադիր այլ վճարների ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և հաշվետվությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու կարգը»: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 12-ի «Հարկային հավաքագրումների ինքնագնահատման համակարգի ներդրման ռազմավարական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 731-Ն որոշման համապատասխան: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը՝ մինչև 2006թ. մայիսի 1-ը կառավարություն ներկայացնել առաջարկություններ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, փոստային կապի ազգային օպերատորի հետ համատեղ քննարկված, փոստի միջոցով հարկային մարմին հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրների կարգավորման վերաբերյալ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարվել է նաև մինչև 2006թ. հունիսի 1-ը կանոնակարգել փոստային կապի ազգային օպերատորի կողմից պատվիրված նամակների ընդունման գործընթացը:
Մեկ այլ որոշմամբ, լրացում կատարելով «ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1926-Ն որոշման մեջ, գործադիրը ծառայության «Հարկային տեսչություններ» բաժնում ավելացրել է հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունը:
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է փրկարար ծառայության կենսաթոշակառուի գործի ձևը և վարման կարգը: Որոշման համաձայն, 2006թ. հունիսի 1-ից ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կողմից «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողներին նշանակված կենսաթոշակները կվճարի ՀՀ պաշտպանության նախարարությունը: Այլ որոշումներով սահմանվել են նաև Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները, փրկարար ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը:
Կառավարության անդամները հավանություն են տրվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ինչպես նաև «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերին՝ դրանց առավել հստակեցման և կատարելագործման նպատակով: Օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ:
Նիստում որոշումներ են ընդունվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակի, Սյունիքի մարզի Կոռնիձորի և Ներքին Խնձորեսկի, Կոտայքի մարզի Սոլակի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու, ինչպես նաև այդ համայնքների և Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:
Կառավարությունը որոշել է նաև Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 1-ը նշել որպես երգիծանքի և հումորի օր: