ուրբաթ, 17 փետրվարի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 16 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի N 13 օժանդակ (հատուկ) գիշերօթիկ դպրոցի առաջին մասնաշենքի վերանորոգման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատան կաթսայատան սարքավորումների նորով փոխարինում», «Երևանի Նորքի մանկան տան կաթսայատան վերանորոգում», «Վանաձորի մանկատան վերանորոգում», «Գյումրիի երեխաների տան օդափոխության համակարգի պատրաստում», ինչպես նաև «Պարբերական հիվանդությամբ հիվանդ երեխաների հայտնաբերում, հետազոտում և բուժում, դեղորայքով ապահովում», «Լսողական ապարատների անվճար բաշխում», «2006թ. ընթացքում ՀՀ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող երեխաների անվճար բժշկական օգնություն» և «Գավառում մանկական բժշկասոցիալական և վերականգնողական կենտրոնի ստեղծում» ծրագրերը:
Հաստատվել են գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «2006-2008թթ. ընթացքում ՀՀ գիտական ենթակառույցների պահպանման և հետագա զարգացման աջակցություն», Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ», Երևանի «Երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոն», «Բարեգործական ճաշարաններ» և «Մաթևոսյան կրթավճար» ծրագրերը:
ԱՄՆ-ի «Հայաստանի զարգացման ծառայություններ» ընկերության հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ մանկություն» ծրագրի նպատակն է Երևան քաղաքի Նուբարաշենի N 11 գիշերօթիկ օժանդակ դպրոցի, Խարբերդի, Վանաձորի, Գյումրու մանկատների և մի շարք այլ հաստատությունների կենցաղային, կրթական, առողջապահական, սննդի պայմանների բարելավումը, ստեղծելով առողջ մթնոլորտ երեխաների դաստիարակման և ձևավորման կարևորագույն գործում:
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող «Ժպտուն ատամներ» ծրագրով անվճար ատամնաբուժական ծառայություններ կմատուցվեն շարժական ատամնաբուժական ավտոբուսով մանկատների, ծերանոցների, դպրոցների, մսուր-մանկապարտեզների սաներին:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: