երկուշաբթի, 20 փետրվարի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Մայրենի լեզվի օրվա տոնի կապակցությամբ
Շնորհավորում եմ Մայրենի լեզվի օրվա տոնի կապակցությամբ, որն այս տարի մեր երկրում առաջին անգամ նշվում է պետականորեն: Ուրախ եմ, որ մեր դարավոր արժեքները բնութագրող տոների` Գրի և դպրության, Գիտելիքի օրերի, Թարգմանչաց տոնի և սակավաթիվ այսպիսի տոների շարքում ավելացավ ևս մի գեղեցիկ տոն` Մայրենի լեզվի օրը:
Դարեր շարունակ մեր լեզուն ու նրանով ստեղծված մշակույթը եղել են համաշխարհային քաղաքակրթության մեջ մեր ազգային ինքնատիպության, ազգապահպանության, հոգևոր անվտանգության ամենազորեղ կռվաններից մեկը: Այդ գիտակցությամբ ժողովուրդը պաշտել ու ոսկեղենիկ է կոչել իր մայրենին:
Այսօր էլ, երբ մեր հայրենիքի մի հատվածի վրա կառուցում ենք մեր անկախ պետականությունը, դժվար է գերագնահատել պետական տոնացույցում մայրենի լեզվի օրվա ընդգրկման ու կարևորման նշանակությունը` սերունդների հայեցի կրթության, ազգային արժեքների ոգով դաստիարակության, նաև սփյուռքի հայապահպանության, բարոյամշակութային օտար ազդեցություններին դիմակայելու գործում:
Հուսով եմ, այս օրը ևս կարմատավորվի մեր ժողովրդի մեջ, իբրև կարևոր ու գեղեցիկ տոնակատարություն, որը կնշվի տարեցտարի նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով: