երեքշաբթի, 21 փետրվարի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը դրական է գնահատում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում պարոն Տալվիտիեի եռամյա գործունեությունը, որի ընթացքում նա բազմիցս այցելել է մեր երկիր: Հեյկի Տալվիտիեն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից ցուցաբերված աջակցության համար, ինչն, ըստ, նրա, նպաստել է իր գործունեության արդյունավետությանը: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացմանը, այդ թվում՝ համագործակցության Գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին: Պարոն Տալվիտիեն հավաստել է, որ եվրահանձնաժողովը ևս շահագրգիռ է հնարավորինս արագացնելու բանակցությունների գործընթացը, հաստատելու Գործողությունների ծրագիրը, որից հետո կքննարկվեն Հայաստանի հետ Եվրամիության համագործակցության առաջնահերթությունները՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային իրավիճակն ու զարգացումները: Այդ համատեքստում, հյուրի խնդրանքով, վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակը, ընթացիկ ծրագրերը, մասնավորապես, էներգետիկ անվտանգության՝ Հայաստան-Իրան գազամուղի կառուցման, էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծման ուղղությամբ զարգացումները: Նախատեսված ծրագրերի ժամանակին և արդյունավետ իրականացման համար Անդրանիկ Մարգարյանը կարևորել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության, փոխադարձ վստահության մթնոլորտի ապահովումը, ինչը, ըստ նրա, մեծապես կնպաստի նաև առկա հակամարտությունների կարգավորմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-թուրքական սահմանի բացման, Կարս-Գյումրի-Թբիլիսի առկա երկաթուղագծի վերագործարկման հարցերին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը հավաստել է, որ Եվրամիությունը ևս կողմ է տարածաշրջանային համագործակցության զարգացման գաղափարին և ըստ այդմ, չի պաշտպանում հակառակ մոտեցումները:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել Հեյկի Տալվիտիեին՝ նրա հետագա գործունեության ընթացքում, հույս հայտնելով, որ ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչը նախորդի գործը կշարունակի նույն եռանդով: