երեքշաբթի, 21 փետրվարի 2006
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է Հիմնադրամի 2005թ. գործունեության վերաբերյալ Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի ներկայացրած հաշվետվությունը:
Փաստաթղթի համաձայն, տարեսկզբին Սյունիքի մարզում ավարտվել են խթանման աշխատանքները: Տարվա ընթացքում Սյունիքի համայնքներից և Երևանի թաղերից ՀՄՆՀ-ի գործադիր կոմիտեին ներկայացվել է 18 ծրագրերի առաջարկ, որոնցից 11-ը վերաբերել է հանրակրթական դպրոցներին: Փորձաքննվել է 246 ծրագրի առաջարկ և հայտ, որոնցից հաստատվել է 37 ծրագիր և մերժվել 202-ը՝ մարզերին հատկացված միջոցների համեմատ առաջարկների մեծ թվի պատճառով:
Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է, որ հաշվետու տարում ծրագրերի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար կապալառուների հետ կնքվել է 56 պայմանագիր՝ 4 062 587 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Դպրոցական կահույքի ձեռքբերման համար՝ 4 պայմանագրեր՝ 167 657 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Տարվա ընթացքում հանրապետության դպրոցներին մատակարարվել է 3 000 դպրոցական երկտեղանի սեղան-նստարան:
2005թ. ընթացքում ավարտվել են 73 ծրագրերի շինարարական աշխատանքները՝ 5 368 548 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Այդ ծրագրերի շահառուները 348 541 հոգի են, իսկ մեկ շահառուին ընկնող միջին արժեքը կազմել է 15.4 ԱՄՆ դոլար: Կատարված շինարարական աշխատանքների դիմաց կապալառուներին վճարվել է 5240 209 ԱՄՆ դոլար: Ստեղծվել է մոտ 78 603 մարդ-օր աշխատատեղ: Տարեկան պլանը կատարվել է 113,2%-ով, շինարարական աշխատանքների մասով՝ 114.4 %-ով:
Հաշվետու տարում, ըստ գործադիր տնօրենի, Համաշխարհային բանկի վարկային միջոցների ծախսը կազմել է 4 487 438 ԱՄՆ դոլար, իսկ Բրիտանական կառավարության միջազգային զարգացման վարչության (DFID) դրամաշնորհի տարեկան ծախսը՝ 247 497 ԱՄՆ դոլար: ՀՀ կառավարության համաֆինանսավորման գծով ստացված միջոցների ծախսը տարվա ընթացքում կազմել է 978 728 ԱՄՆ դոլար:
Հաշվետվության համաձայն, շարունակվել է համագործակցությունը Հայաստանում և արտերկրում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպության, Հայ բարեգործական ընդհանուր միության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ամերիկյան «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հետ: Տարվա ընթացում համաֆինանսավորվող ծրագրերի շինարարական աշխատանքների դիմաց բարերարների հաշվին վճարվել է 146 213 ԱՄՆ դոլար:
2005թ. համայնքային ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 271 660 ԱՄՆ դոլար, ընդ որում «Վարդանանաց ասպետներ» կազմակերպությունը համայնքների անունից ներդրել է 85 917 ԱՄՆ դոլար, Հայ բարեգործական ընդհանուր միության շվեյցարական բաժանմունքը՝ 37 783, անհատ բարերարները՝ 25 008 ԱՄՆ դոլար, համայնքները կատարել են 122 952 ԱՄՆ դոլարի ներդրում: Տարվա ըւնթացքում համայնքների ներդրումների հաշվին շինարարական աշխատանքների դիմաց վճարվել է 509 440 ԱՄՆ դոլար:
Հաշվետու տարում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում իրականացվել են նաև ավագանիների վերապատրաստման 129 սեմինարներ, որոնց մասնակցել է 210 համայնքների 1201 ներկայացուցիչ, ընդ որում 911-ն եղել են ավագանու անդամներ: ՀՍՆՀ-ի ֆինանսավորմամբ 4 խմբերով 28-օրվա տևողությամբ դասընթացներում վերապատրաստվել են դպրոցների 37 հաշվապահներ:
Նիստի ավարտին համապատասխան հանձնարարականներ են տրվել հիմնադրամի ծրագրերի շրջանակներում հանրակրթական դպրոցներն անհրաժեշտ գույքով ապահովելու, համայնքներում խմելու ջրի խնդրի լուծմանն առաջնահերթ ուշադրություն դարձնելու ուղղությամբ: