հինգշաբթի, 9 մարտի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 8-ի «Կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագիրը և դրա միջոցառումները հաստատելու մասին» N 645-Ն որոշմամբ հաստատված և 2005թ. ընթացքում իրականացված աշխատանքների մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկատվությունը: Հավանություն է տրվել նշված ծրագրով նախատեսված 2006թ. ընթացքում իրականացվելիք միջոցառումների ցանկին և ժամանակացույցին: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության, գյուղատնտեսության, արտաքին գործերի, տարածքային կառավարման, բնապահպանության, առևտրի և տնտեսական զարգացման, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարներին, ՀՀ ոստիկանության պետին ու մարզպետներին (Երևանի քաղաքապետին)՝ ժամանակացույցի համաձայն ապահովել նախատեսված միջոցառումների կատարումը:
«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը: Սահմանվել են նաև փաստաթղթերի արխիվացման և պահպանության կանոնները: Մասնավորապես, սահմանվել է, որ ՀՀ պետական մարմինները, սույն որոշմամբ հաստատված ցանկի հիման վրա, մշակում և արխիվային գործի բնագավառում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելով, հաստատում են իրենց գործունեության ընթացքում առաջացող փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկեր, ընդ որում, դրանցում սահմանված ժամկետները չպետք է ցածր լինեն որոշմամբ հաստատված ցանկի ժամկետներից: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի «Փաստաթղթերի՝ ըստ տեսակների պահպանության ժամկետների նշումով ցանկը հաստատելու մասին» N 833 որոշումը:
Կառավարությունը, ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 100 մլն դրամ է հատկացրել ՀՀ Արմավիրի մարզպետարանին՝ 2006թ. գարնանային հեղեղումներից Արաքս գետի ափապաշտպան միջոցառումներն իրականացնելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ ևս 50 մլն դրամ է հատկացվել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին՝ Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային նվիրաբերության կարգով տրամադրելու համար:
«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելով, գործադիրը, 2006թ. իր պահուստային ֆոնդից, 22 մլն 900 հազար դրամ է հատկացրել ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ մարզի սահմանամերձ գյուղերում բնակելի շենքեր ձեռք բերելու և հետագայում որպես դպրոց վերակառուցելու նպատակով: Գումարը, մասնավորապես, բաշխվել է մարզի Շիշկերտ (3 մլն դրամ), Շամբ (3 մլն 900 հազար դրամ), Լծեն (13 մլն դրամ) և Սրաշեն (3 մլն դրամ) գյուղերի միջև:
Նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ 2006թ. պետական բյուջեի «Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում» տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման, ռազմագիտության կաբինետների վերականգնման և ներքին սփյուռքի դպրոցների աշակերտներին դասագրքերով ապահովման ծրագրերի ֆինանսավորման չափերը:
Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 15-ի «Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող զբոսայգիների, պուրակների ու այգիների տարածքները «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» N 698-Ն որոշման մեջ: Մասնավորապես, որոշման վերնագրում «վարձակալություն» բառը փոխարինվել է «կառուցապատում» բառով, սահմանվել է նաև, որ մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով այլ անձանց՝ օգտագործման իրավունքով հատկացված զբոսայգիների, պուրակների ու այգիների հողամասերի վարձակալության և (կամ) ենթավարձակալության պայմանագրերը պահպանում են իրենց իրավական ուժը մինչև պայմանագրերում նշված ժամկետների ավարտը:
Մեկ այլ որոշմամբ նիստում հավանություն է տրվել «Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է ՀՀ տարածքում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման, գրանցման և /կամ/ շահագործման կանոնների խախտման դեպքերում՝ առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտների գործունեության կասեցման հիմքերը, կարգը, ինչպես նաև գործունեության կասեցման կապակցությամբ ծագող հարաբերությունները և սահմանում է օրենքի խախտման համար պատասխանատվությունը:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Իրանի Իսլամական Հանրապետության՝ զարգացման օգնությունները Հայաստանի Հանրապետությանը» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկություններին:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության համաձայնությունը, գործադիրը որոշել է հանձնարարել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել Շիրակի մարզպետարանի տնօրինության Ամասիայի տարածաշրջանի Եղնաջուր գյուղի դպրոցի «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից նորոգված շենքի և դպրոցի զբաղեցրած 0.40 հա հողամասի՝ որպես պետական սեփականություն, գույքային իրավունքների պետական գրանցումը: Որոշվել է, նշված աշխատանքների կատարումից հետո, դպրոցի շենքը և հողամասը նվիրաբերել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն՝ մարզի սոցիալապես անապահով երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Արարատի մարզային գործակալության Արտաշատ քաղաքի Աթարբեկյան N 135/2 հասցեում գտնվող 701.1 քմ ընդհանուր մակերեսով շենքը հետ է վերցվել և անհատույց օտարվել Արտաշատի քաղաքային համայնքին:
Կառավարությունը թույլատրել է ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին իր տնօրինության՝ երևանի Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող 2006.2քմ մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և 152.6 քմ մակերեսով ավտոտնակներն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Գոռ Թովմասյանին, «Նաիրիի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական ՓԲԸ-ի (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել աշխատավորական կոլեկտիվին՝ այն վերածելով ՓԲԸ-ի: Թույլատրվել է նաև ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության «Նոյեմբերյանի կինոցանցի» գույքի (Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Զ. Անդրանիկի 6) կազմից, առաջին և երկրորդ հարկերից 110քմ. ընդհանուր մակերեսով տարածքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախորօք հայտնի գնորդ Հովիկ Աբովյանին, իսկ նույն կինոցանցի գույքը, այդ թվում նշված հասցեի 439.9 քմ մակերեսով տարածքն ուղղակի վաճառքի ձևով՝ նախօրոք հայտնի գնորդ Արման Երկնափեշյանին: Սահմանվել է, որ որպես ընդհանուր բաժնային սեփականություն, գնորդներին է մասնավորեցվում նաև կինոցանցի գույքի զբաղեցրած պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը՝ իր կադաստրային արժեքով: Որոշմամբ գործադիրը թույլատրել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի 21քմ մակերեսով ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ Հայկ Կարապետյանին:
Նիստում որոշվել է նաև ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքի ավագանու կողմից 2006թ. մարտի 6-ի N 13-Ա որոշմամբ համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Աջափնյակ թաղ. Շահումյան 5 հասցեում գտնվող շենքից ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Վայոց Ձորի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Ջերմուկի մասնաճյուղին անհատույց օգտագործման հատկացված 239.5 քմ տարածքի փոխարեն՝ նշված ՊՈԱԿ-ի Ջերմուկի մասնաճյուղին ամրացված Գործարանային փող. N 4 հասցեում գտնվող 445.8 քմ մակերեսով, 4 մլն 909 հազար 600 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը հետ վերցնել և նվիրաբերել Ջերմուկի քաղաքային համայնքին:
Կառավարությունը սահմանել է, որ « ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Փորձաքննությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով ՀՀ դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ստացված քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների՝ համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա: Փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2006 թվականի համար սահմանվել է 370 դրամ, ինչը համահունչ է ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 2-ի «Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2006թ. իրականացվող պետական պատվերի մասին» N 91-Ն որոշմանը: Նիստում լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 2-ի «Փորձաքննությունների կատարման ծառայության նախահաշվային արժեքի մասին» N79-Ն որոշման մեջ, որով փորձաքննությունների հաստատված ցանկը լրացվել է համակարգչային-տեխնիկական, մշակութային արժեքների, հոգեբանական, դատաբժշկական, դատաքիմիական (տոքսիկոլոգիական) և կենսաբանական (հողագիտական) նոր տեսակներով:
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է Հայաստանի փրկարար ծառայությունում կամ այլ պետական մարմիններում ծառայություն անցնող (անցած) և զինվորական կամ այլ հատուկ կոչում ունեցող քաղաքացիների կոչումների համապատասխանության կարգը: Որոշումն ընդունվել է՝ նկատի ունենալով, որ 2005թ. սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով Արտակարգ իրավիճակների վարչությունը վերանվանվել է Հայաստանի փրկարար ծառայություն և այդ համակարգում զինվորական ծառայության փոխարեն ներդրվում է պետական ծառայության հատուկ տեսակ՝ փրկարարական ծառայություն:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է նաև 2006թ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի նորմատիվները, որոնց համաձայն սահմանվել է՝ յուրաքանչյուր քաղաքացիական բաժնի պետի հաստիքի հաշվով 1 մլն 253.61 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր տարածքային բաժնի մասնագետի հաստիքի հաշվով՝ 607.89 հազար դրամ:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Գուրգեն Խաչատրյանի ընտրության արդյունքները:
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման մեջ: Այն պայմանավորված է 2006թ. հունվարի 7-ից «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ մտնելու հանգամանքով, որի համաձայն 2006թ. հունվարի 1-ից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության լիազորությունները՝ կապված ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների լիցենզավորման, կարգավորման և վերահսկողության հետ, ամբողջովին վերապահվել են ՀՀ կենտրոնական բանկին:
Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 14-ի որոշման մեջ ևս, որոնք բխում են 2005թ. նոյեմբերից ուժի մեջ մտած «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, ինչպես նաև զբաղվածության պետական ծառայության կառավարման համակարգի կատարելագործման անհրաժեշտությունից:
Կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 128 հազար 165 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ 2006թ. մարտի 5-ին կայացած Արարատի մարզի Ջրահովտի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:
Որոշումներ են ընդունվել ՀՀ Սյունիքի մարզի Բռնակոթի գյուղական համայնքի, Արմավիրի մարզի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու, Արագածոտնի մարզի Թալինի, Վայոց Ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքների, այդ ու նաև Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ: