ուրբաթ, 10 մարտի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մարտի 10-ի որոշմամբ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի և Հայաստանի Հանրապետության միջև պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցելու նպատակով 2006թ. մարտի 25-30-ը ԱՄՆ` Վաշինգտոն, կգործուղվի ՀՀ պատվիրակություն, որը կղեկավարի ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնատար անձինք:
Մարտի 27-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը և «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը կստորագրեն 235,65 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ և հինգ տարի իրականացման ժամկետով համաձայնագիրը: Ստորագրման արարողությանը կմասնակցի և ելույթով հանդես կգա ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը:
Հայաստանի «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը պատրաստվել է ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհրդի ներքո ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որի ղեկավարն է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:
Համաձայնագրի հիմնական նպատակն է գյուղական աղքատության կրճատումը` գյուղատնտեսական արտադրանքի կայուն աճի ապահովման միջոցով: