ուրբաթ, 17 մարտի 2006
Այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Քննարկվել են խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, խորհրդի աշխատանքային խմբերի կազմերին ու գործառույթներին, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» միջոցառման կազմակերպմանը, այս տարի անցկացվելիք էլեկտրոնային բովանդակության ազգային մրցանակաբաշխության և տարածաշրջանային հաղթողների համար գալա միջոցառման կազմակերպման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կազմին ու գործառույթներին առնչվող և այլ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՏՏԶԱ խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկուցել է, որ խորհրդի նախորդ բոլոր հանձնարարականներն ամբողջապես և ժամանակին կատարվել են, որոնց արդյունքները հիմնականում ներկայացվել են խորհրդի այս նիստի քննարկմանը:
Խորհուրդը քննարկել է մեր երկրում այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» միջոցառման նախնական ծրագիրն ու ժամանակացույցը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջոցառումները համակարգող հանձնաժողով, որում ընդգրկվել են ինչպես պետական կառավարման, այնպես էլ մասնավոր հատվածի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանը զեկուցել է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում է անցկացնել շուրջ մեկ տասնյակ միջոցառումներ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրավորման, միջազգային էլեկտրոնային բովանդակության մրցույթներ, միջազգային կոնֆերանս՝ Հայաստան-Սփյուռք գործարար համաժողովի շրջանակներում, ցուցահանդեսներ, դպրոցներում ՏՏ հատուկ դասընթացներ և այլն:
Վարչապետը հանձնարարել է մեկամսյա ժամկետում, քննարկման ժամանակ արված առաջարկությունները հաշվի առնելով, լրամշակել ծրագիրը՝ յուրաքանչյուր միջոցառման համար հստակորեն նշելով կատարման ժամկետներն ու պատասխանատուներին: Հանձնարարվել է նաև միջոցառումների ժամկետները որոշակիացնելիս նկատի առնել, որ սեպտեմբերը Հայաստանում համապետական խոշոր միջոցառումներով բավական հագեցած է լինելու և այդ առումով խուսափել միջոցառումների օրերի համընկնումից:
Օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» ՀԿ-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը զեկուցել են, որ էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթ ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել այս տարվա ամռանը՝ աշխարհի լավագույն էլեկտրոնային բովանդակության բացահայտման (WSA) համաշխարհային նախաձեռնության շրջանակներում, ինչը հնարավոր է եղել 2005թ. թունիսյան գագաթաժողովում Հայաստանի ունեցած տպավորիչ արդյունքներից և համաձայնագրի ստորագրումից հետո: Ըստ զեկուցողի, մրցույթի նպատակներն են՝ Հայաստանի և հայոց մշակույթի վերաբերյալ լավագույն էլեկտրոնային բովանդակության զարգացումների ու նվաճումների բացահայտումը, էլեկտրոնային բովանդակության ստեղծման և տարածման ոլորտում մեր երկրի առաջընթացի ապահովումը, Հայաստանի էլեկտրոնային բովանդակության արտադրողների համար կայուն հիմքի ստեղծումը՝ միջազգային ասպարեզում իրենց նվաճումներն ու արտադրանքը ներկայացնելու նպատակով, Հայաստանի և սփյուռքի միջև ոլորտում առկա խզվածքի նվազեցումը և այլն: Մրցույթն իրականացվելու է էլեկտրոնային ուսուցում, մշակույթ, գիտություն, կառավարում, հայագիտություն, տառատեսակներ և այլ՝ ընդհանուր առմամբ 11 անվանակարգերում: Ազգային մրցույթի հաղթողները կներկայացվեն 2007թ. Խորվաթիայում կայանալիք համաշխարհային մրցույթին:
Խորհուրդը հաստատել է 2006թ. համահայկական մրցանակաբաշխության կազմկոմիտեի կազմը՝ ՏՏ հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանի նախագահությամբ, ինչպես նաև մրցանակաբաշխության ժյուրիի կազմը:
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, խորհուրդը քննարկել և հաստատել է նաև իր վեց աշխատանքային խմբերի (ՏՏ ռազմավարության, ներդրումների և բիզնես հնարավորությունների, գիտակրթական, իրավակարգավորման, հեռահաղորդակցության և ինտերնետային ենթակառուցվածքների, մշակույթի և լեզվի) գործունեության կարգը: Դրանով սահմանվում է, որ ՏՏԶԱ խորհրդի աշխատանքային խմբերն անկախ խորհրդատվական մարմիններ են, որոնք կազմված են խորհրդի անդամներից կամ նրանց կողմից լիազորված անդամներից՝ մասնավորապես, ՀՀ կառավարության, մշակութային և գիտաուսումնական հաստատությունների, տեղական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներից: Վարչապետն առաջարկել է աշխատանքային խմբերի կազմերը չսահմանափակել՝ առաջարկություններ լինելու դեպքում, դրանցում նոր անդամների ևս ընդգրկելու նպատակով:
Նիստում, ՀՀ նախագահի 2001թ. հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» հրամանագրին համապատասխան, հավանություն է տրվել խորհրդի անդամների կազմում ռոտացիոն կարգով նոր անդամներ ընդգրկելու վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշման նախագծին: Առաջարկվել է «Արմենթել» ՀՁ» ՓԲԸ-ի գործադիր գլխավոր տնօրենի, «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի նախագահի, «Լինք» ՍՊԸ-ի տնօրենի, «Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի և «Իսմա» ՍՊԸ-ի տնօրենի փոխարեն, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից խորհրդի կազմում ընդգրկել «Միգմա» ՍՊԸ-ի տնօրենին, «Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրենին, «Բի Լայն» ՍՊԸ-ի նախագահին, «Էլեկտրոնային Հայաստան» հիմնադրամի տնօրենին, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենին և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտորին:
Քննարկված այլ հարցերի թվում, բարձրացվել է նաև ՀՀ վարչապետի 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2228-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու խնդիրը, որն ըստ ոլորտի որոշ ներկայացուցիչների, անհարկի խոչընդոտներ է ստեղծում: Վարչապետի հանձնարարությամբ փաստաթուղթը լրացուցիչ կքննարկվի համապատասխան նախարարություններում և անհրաժեշտության դեպքում որոշակի փոփոխություններ կկատարվեն դրանում: Նիստում բարձրացված մեկ այլ հարցի վերաբերյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստել ամբողջական զեկույց՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերի վերաբերյալ և դրանք հանգամանորեն ներկայացնել նաև խորհրդի նիստերում: