ուրբաթ, 8 հունիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ժամանակ կողմերը հավաստեցին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների բարձր մակարդակը, օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև սերտ կապերի առկայությունը: Գ.Սելեզնյովը և Ա.Մարգարյանը նշեցին, որ երկու երկրներն ակտիվ հարաբերություններ են պահպանում ոչ միայն երկկողմ, այլև ԱՊՀ շրջանակներում ու միջազգային ասպարեզում: Հանդպմանն ընդգծվեց, որ դեռևս չօգտագործված հնարավորություններ կան, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում, որտեղ գլխավոր խոչընդոտը հաղորդակցության ուղիների շրջափակումն է: Դեռևս անբավարար է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մակարդակը: Նկատի ունենալով Հայաստանի և Ռուսաստանի՝ իբրև ռազմավարական գործընկեր երկրների, ռազմատնտեսական, առևտրային, կրթական ու մշակութային կապերի հետագա զարգացման երկուստեք պատրաստակամությունը, ռուսաստանյան կողմը նշեց, մասնավորապես ռուսերենի՝ իբրև ավանդաբար միջպետական հաղորդակցության լեզվի, Հայաստանում զարգացման ու տարածման խնդիրը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստեց, որ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները ցանկացած օտար լեզվի ազատ զարգացման և ուսուցման համար, իսկ հանրապետության կրթամշակութային համակարգում ռուսաց լեզվի զարգացման կոնցեպցիան կառավարության կողմից ընդունվել է դեռևս 1999 թ. սեպտեմբերին. «Հայաստանում ռուսաց լեզվի հետ կապված խնդիրներ չկան, -ընգծեց վարչապետը, -իսկ եթե այդպիսիք կծագեն, ապա անպայման լուծումներ կստանան»:
Հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն հայտնեցին այսուհետ ևս խորացնելու և ամրապնդելու Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծված ավանդական բարեկամական, քաղաքական ու տնտեսական հարաբերությունները: