չորեքշաբթի, 29 մարտի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդման հարցերով զբաղվող մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստում
Նիստի հարգելի մասնակիցներ,
Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ողջունել ձեզ հայոց հինավուրց հողում և մաղթել ակտիվ ու արդյունավետ աշխատանք:
Ինձ համար հաճելի է նշել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդման հարցերով զբաղվող մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստն անցկացվում է Երևանում և վստահ եմ, որ ձեր աշխատանքի արդյունքները կնպաստեն Հավաքական անվտանգության անդամ պետությունների համապատասխան մարմինների միջև գոյություն ունեցող փոխգործակցության զարգացմանը:
Նիստի հարգելի մասնակիցներ,
Հանցավորության միջազգայնացման գործընթացը, այսինքն՝ դրանում երկու կամ ավելի պետությունների տարածքներում հանցագործությունների կատարման գործում միջազգային տարրերի տեսակարար կշռի աճը, օբյեկտիվորեն պայմանավորել է իրավապահ ոլորտում միջազգային ու միջպետական համագործակցության հաստատման և հետագա զարգացման անհրաժեշտությունը:
Թմրավտանգի դեմ պայքարի բնագավառում մեծ է Հավաքական անվտանգության անդամ պետությունների՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդման հարցերով զբաղվող մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերն ու նշանակությունը, ինչը, անկասկած, կնպաստի փոխհամաձայնեցված ռազմավարության, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդման նոր մեխանիզմների մշակմանն ու իրականացմանը:
Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, որպես առանձնապես վտանգավոր սոցիալական երևույթ, ձեռք է բերել համընդգրկուն, վերազգային բնույթ, դարձել մարդկության ամենասուր հիմնախնդիրներից մեկը և ուղղված է պետությունների քաղաքական, սոցիալ-տնտեսական կայունության ձևավորման գործընթացների, ազգերի գենոֆոնդի քայքայմանը:
Պատահական չէ, որ մեր երկրների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձնում նշված երևույթի դեմ պայքարի հարցերին, ինչի վկայությունն են արդեն երրորդ տարին անցկացվող որոշակի օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները, որոնց նպատակը Հավաքական անվտանգության անդամ պետություններ թմրանյութերի ապօրինի թափանցման կանխարգելմանն ուղղված անվտանգության գոտու ստեղծումն է: Ձեռք բերված փորձն ու իրականացված միջոցառումների արդյունքները իրավունք են տալիս բարձր գնահատելու նման լայնածավալ համատեղ միջգերատեսչական գործողությունների դերն ու նշանակությունը:
Նիստի հարգելի մասնակիցներ,
Մենք բոլորս հրաշալի գիտակցում ենք, որ որևէ երկիր միայնակ ի վիճակի չէ հակազդելու թմրանյութերի ապօրինի շրջանառությանը: Շատ մեծ նշանակություն ունի այնպիսի հանդիպումների և միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, ինչպիսին ներկա միջոցառումն է, քանի որ միայն բոլորս միասին, համատեղ ուժերով միջազգային հանրության շրջանակներում ի վիճակի կլինենք պայքարել թմրամոլության տարածման և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ:
Մենք պետք է միասին մտածենք, թե ինչպես ավելի լավ և արդյունավետ օգտագործենք կուտակված փորձը, որպեսզի հետագայում շոշափելի հարված հասցնենք թմրաբիզնեսին:
Համոզված եմ, որ այսօրվա նիստը ևս մի քայլ կլինի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը հակազդման հարցերով զբաղվող մարմինների միջև համագործակցության առավել ակտիվ և արդյունավետ զարգացման ճանապարհին:
Շնորհակալություն ուշադրության համար: