չորեքշաբթի, 13 հունիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՀԲ-ի հայաստանյան ներկայացուցիչ Օուեյս Սաադաթին և Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի Տարածաշրջանի մարդասիրական զարգացման մասնաճյուղի մենեջմենթի մասնագետ Կարոլին Մասկարելին: Պրն Սաադաթը զրույցի սկզբում շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, որը նաև Սոցներդրումների հիմնադրամի խորհրդի նախագահն է, հիմնադրամի առաջին ծրագրի բավականին հաջող իրականացման և ծրագրի ընթացքը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար՝ համոզվածությամբ, որ երկրորդ ծրագրի նկատմամբ ևս նույնպիսի վերաբերմունք կլինի: Կարոլին Մասկարելին էլ ՀՀ վարչապետին ներկայացրեց հիմնադրամի երկրորդ ծրագրի վերաբերյալ իրենց սկզբունքներն ու մոտեցումները, նշելով, որ միկրոծրագրերն այսուհետ արագ կիրագործվեն, փորձելով արդարացնել դրանց իրականացմամբ իրենց բազում խնդիրների լուծումն ակնկալող կարիքավոր համայնքներին:
Նշվեց, որ աշխատանքներ են տարվում Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում, նախատեսվում է նաև ծրագրերում ընդգրկել Վայոց Ձորը, Տավուշը, Գեղարքունիքը: Սոցներդրումների հիմնադրամի ծրագրերում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց սահմանամերձ, հակամարտությունից տուժած մարզերը, այդ թվում՝ Սյունիքը ևս անպայմանորեն նկատի առնելը, ինչն ընդունելի էր Համաշխարհային բանկի ներկայացուցիչների համար: Վարչապետը հավաստիացրեց, որ ծրագրերի արագ, անխոչընդոտ իրագործման համար կառավարությունն իր կողմից ամեն ինչ կանի և համոզված է, որ նույնպիսի դիրքորոշում կցուցաբերի Համաշխարհային բանկը: