ուրբաթ, 31 մարտի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 14 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի նորակառույց թաղամասի ջրամատակարարման ներքին ցանցի նախագծման աշխատանքների, ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիան քաղաքի հիվանդանոց» ՓԲԸ-ի շտապ օգնության կայանի հիմնանորոգման նախագծման, Երևան քաղաքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման նախագծման, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնաշենքի վերանորոգման աշխատանքների նախագծման և «Հեռուստամարաթոն 2006»-ի քարոզչական աշխատանքների համար երկու հեռուստաֆիլմերի պատրաստման ծրագրերը:
Հաստատվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Երւանի Ա. Ահարոնյան փողոցի նախկին մանկապարտեզի շենքի վերակառուցումը մանկատան, «Առավոտ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Վանաձորում և Գյումրիում իրականացվող «Երիտասարդական համակարգչային ուսումնական կենտրոնի ստեղծում», «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Կապեր եկեղեցու և կառավարության հետ» և «Ներառական ուսուցում» ծրագրերը:
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մանկան հույս», «Գյումրի-ԱՌԴԱ» և «Գյումրի-10» ծրագրերի նպատակն է Արթիկ քաղաքի «Մանկան հույս» մանկապարտեզի, Գյումրու «ԱՌԴԱ» մանկապարտեզի և Գյումրու թիվ 10 մանկապարտեզի սաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, կահույքի, հագուստի և այլ բարեգործական օգնության տրամադրումը:
«Նորարար փորձառական արվեստի կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը կսատարի ժամանակակից արվեստին և գրականությանը անվճար և անհատույց տրամադրելով տարածք, աուդիո և վիդեո տեխնիկա, նյութեր և այլ ծառայություններ:
«Հայաստանի» ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող «Փոքր դաշտերի կառուցում» ծրագիրը կնպաստի Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: