հինգշաբթի, 14 հունիսի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը բռնադատվածների օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ
Այսօր ոչ ոք այլևս չի կասկածում, որ նրանք, ովքեր մի ժամանակ «ժողովրդի թշնամիների» անվան տակ դաժան զրկանքների, բռնադատության ու տանջանքների էին ենթարկվում հեռավոր սիբիրներում ու ալթայներում, իրականում հոգով ու սրտով իրենց ազգի և հայրենիքի իսկական նվիրյալներն էին: Տասնյակ հազարավոր անմեղ զոհերի թվում էին մեր ժողովրդի համար այնպիսի պայծառ անուններ, ինչպիսիք են Գարեգին Նժդեհը, Դանիելբեկ և Պողոս Փիրումյանները, Չարենցն ու Բակունցը, նշանավոր հայդուկներ, գիտնականներ, բժիշկներ, այլ բնագավառների աչքի ընկնող գործիչներ:
Ծանր է վերհիշել այն զրկանքների ու տանջանքների մասին, որ տեսավ մեր ժողովուրդը ստալինյան ճամբարներում և դրանից հետո՝ մինչև 50-ականի կեսերը: 60-70-ական թվականների մեր սերնդի պայքարը ուղղված էր Հայաստանի Հանրապետության անկախությունը վերականգնելու, բազում սրտերում անջնջելի հետքեր թողած մարդկային դաժանությունն արմատախիլ անելու, այն ծնող և սնող պատճառներն ու միջավայրը իսպառ բացառելու նպատակին: Հավատացնում եմ ձեզ, որ մեր պետությունն ու կառավարությունը մտահոգ են անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու, իսկ այսօր մեր կողքին գտնվող ավելի քան 6 հազար բռնադատվածներին և նրանց 8 հազար ժառանգներին սատար կանգնելու, այդ գործում «Հուշամատյան» ընկերությանն օժանդակելու խնդրով: Հասկանալի է, որ արվածը դեռ բավարար չէ, սակայն բոլորիդ են հայտնի այն դժվարությունները, որ կանգնած են մեր պետության ու կառավարության առջև: Հուսով եմ, որ ուշադրությունը բռնադատվածների և «Հուշամատյան» ընկերության կարիքների նկատմամբ աստիճանաբար կավելանա:
Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, ամուր կամք ու աներեր հավատ մեր ժողովրդի, մեր անկախ պետականության ապագայի նկատմամբ: