երեքշաբթի, 4 ապրիլի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՈԻԵՖԱ-ի գործադիր տնօրեն Լարս Քրիստեր Օլսոնին:
Բարձր գնահատելով ՈԻԵՖԱ-ի հետ մեր երկրի համագործակցությունը, ֆուտբոլի միջազգային հեղինակավոր այդ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերը, վարչապետը նշել է, որ դրանք զգալիորեն նպաստում են մեր երկրում ֆուտբոլի և ընդհանրապես, սպորտի զարգացմանը: Նա կարևորել է, մասնավորապես, «Հեթ տրիկ» ներդրումային ծրագիրը, ինչպես նաև «Փոքր դաշտերի» ծրագիրը, որն ուղղված է հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի խթանմանը: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հայկական ֆուտբոլի բարի ավանդույթների վերականգնմանը: Ըստ նրա, սերտ համագործակցություն է հաստատվել ՀՀ կառավարության, մասնավորապես, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև, ինչը հնարավորություն է տալիս օպերատիվորեն լուծելու ծագող խնդիրները: Պետության կողմից որոշակի օժանդակություն է ցուցաբերվում մարզադաշտերի համար տարածքների հատկացման, մարզագույքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման և այլ նպատակներով:
Գոհունակություն հայտնելով ինչպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ՀՀ կառավարության, այնպես էլ ֆեդերացիայի և ֆուտբոլային ակումբների միջև սերտ համագործակցության հաստատման կապակցությամբ, Լարս Օլսոնը համոզմունք է հայտնել, որ ֆուտբոլի զարգացումը ևս կարող է նպաստել հասարակության առաջընթացին՝ միասնական նպատակի շուրջ համախմբելով բազմահազար երկրպագուների: Նա նույնպես կարևոր է համարել զանգվածային և հատկապես մանկապատանեկան ֆուտբոլի խթանումը, մասնավորաբար, այդ նպատակին ուղղված «Փոքր դաշտերի» ծրագիրը, նշելով, որ ՈԻԵՖԱ-ի կողմից այդ և այլ ծրագրերի համար տրամադրվող ֆինանսական աջակցությունը ոչ միայն կշարունակվի, այլև կավելանա:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև 2008թ. կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախապատրաստությանը, մասնավորապես, ընտրական փուլում վիճակահանության արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների միևնույն խմբում հայտնվելու խնդրին: Այդ կապակցությամբ Անդրանիկ Մարգարյանը վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է լուծելու Ադրբեջանի հավաքականին պատշաճ մակարդակով ընդունելու, պաշտոնական մրցախաղի, մրցակիցների ու նրանց երկրպագուների անվտանգությունն ապահովելու հարցերը: Շնորհակալություն հայտնելով վարչապետին նման մոտեցման համար՝ Լարս Օլսոնն ընդգծել է, որ ՈԻԵՖԱ-ն անվտանգության նմանատիպ երաշխիքներ է ակնկալում նաև ադրբեջանական կողմից: