հինգշաբթի, 14 հունիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Երևանում բացված Ապրանքարտադրողների միջազգային միության համաժողովի մասնակիցների պատվիրակությանը՝ միության նախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: ՀՀ վարչապետը ողջունեց համաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը և իր ուրախությունը հայտնեց Նիկոլայ Ռիժկովին կրկին Հայաստանում տեսնելու համար, որը տարիներ առաջ մեր ժողովրդի համար ծանր օրերին նրա կողքին էր: Անդրանիկ Մարգարյանը կարևորեց տնտեսական համագործակցության ներուժի ամբողջությամբ օգտագործումը, նախկին կապերը, որոնք այսօր հեռանկարային կարող են համարվել, վերականգնելը, դրանց փոխշահավետությունը նկատի առնելով, գործակցությունն ընդլայնելը և զարգացնելը, ինչը, ըստ վարչապետի, զգալիորեն կմեծացնի ապրանքաշրջանառության ծավալները համագործակցող երկրների միջև և, բնականաբար, կնպաստի տնտեսության զարգացմանը:
Ապրանքարտադրողների միջազգային միության նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր Նիկոլայ Ռիժկովը շնարհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին և Հայրենական ապրանքարտադրողների միությանը համաժողովի անցկացմանը մեծապես աջակցելու համար: Պրն Ռիժկովը ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին տեղեկացրեց համաժողովի ընթացքի մասին՝ նշելով, որ ինքը բավականին գոհ է կատարված աշխատանքից, զեկույցների թեմաները հետաքրքիր և օգտակար են: Նա հատկապես կարևորեց բարեկամության ու համագործակցության մասին շարունակաբար հայտարարություններ անելու փոխարեն դրանց ուղղված շատ որոշակի առաջարկների առաջադրումը, ինչով, ըստ միության նախագահի, աչքի ընկավ երևանյան համաժողովը: Նիկոլայ Ռիժկովն ընդգծեց նաև սկզբունքային հարցերում երկրների ղեկավարների և կառավարությունների աջակցության անհրաժեշտությունը, համապատասխան որոշումների ժամանակին ընդունումը, ինչը բավականաչափ կխթաներ միության աշխատանքը: Նա համաձայնեց ՀՀ վարչապետի այն տեսակետին, որ տարբեր միությունների, կառույցների շրջանակներում բազմակողմ կապերի սերտացմանը զուգահեռ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել երկկողմ հարաբերություններին: Այդ առումով, Նիկոլայ Ռիժկովը ընդգծեց հայ-ռուսական սերտացող հարաբերությունները՝ նշելով, որ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում սեպտեմբերին իր գլխավորությամբ ՌԴ պետդումայի պատգամավորների խումբ կայցելի Հայաստան:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կառավարության և իր անունից պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցելու Ապրանքարտադրողների միջազգային միությանը և Հայրենական ապրանքարտադրողների միությանը՝ իրենց խնդիրների իրագործման հարցում: