ուրբաթ, 7 ապրիլի 2006
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանը:
Քննարկվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, որոնք վերաբերում էին նախնական ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկի, դրանց իրականացման կազմակերպչական խնդիրների, ժամանակացույցի հստակեցմանն ու այլ ընթացիկ հարցերի: Նշվել է, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամսվա» նախնական ծրագրի համաձայն, սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի ՏՏ ծրագրավորման մրցույթ (բաց առաջնություն) և ամառային դպրոց, որի նպատակը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացումն ու ծրագրավորողների հաջորդ սերնդի կրթությունն է: Սեպտեմբերի 20-ին՝ Հայաստան-Սփյուռք միջազգային տնտեսական գագաթաժողովի շրջանակներում, տեղի կունենա «Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի առօրյա բիզնեսում» միջազգային համաժողով և ՏՏ ցուցահանդես: Միջոցառումը հնարավորություն կտա Հայաստանը ներկայացնել որպես տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների առաջատար երկիր տարածաշրջանում, ինչպես նաև հայրենական ընկերություններին ծանոթացնել համաշխարհային ՏՏ ոլորտի արդի գործընթացներին: Ամսվա գլխավոր միջոցառումներից մեկը՝ ՏՀՏ ոլորտում Հայաստանի վերջին նվաճումները ներկայացնող «DigiTec 2006» ցուցահանդեսը, նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 6-8-ը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում: Ցուցահանդեսի շրջանակում՝ հոկտեմբերի 7-ին, տեղի կունենա Հայ-եգիպտական գործարար համաժողով, ՏՀՏ ոլորտում Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խթանման նպատակով: Ամսվա ընթացքում նախատեսվում է նաև 24 ժամյա օն-լայն բաց կոդով ծրագրավորման մրցույթ-մարաթոն, որն առաջին անգամ է անցկացվելու մեր երկրում: Մարաթոնը կհեռարձակվի ինտերնետում, հեռուստատեսությամբ, կգովազդվի միջազգային առավել ճանաչված վեբ-կայքերում և այլ ԶԼՄ-ներով, ինչը՝ ներգրավելով նաև Սփյուռքի ծրագրավորողներին, մրցույթին կհաղորդի համահայկական բնույթ:
Հանձնարարվել է 10-օրյա ժամկետում, քննարկման ժամանակ արված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելով, լրամշակել միջոցառումների նախնական ծրագիրը, ինչպես նաև հստակեցնել միջոցառումների լուսաբանման հետ կապված խնդիրները, որոնք կներկայացվեն հանձնաժողովի հաջորդ նիստի քննարկմանը: