չորեքշաբթի, 12 ապրիլի 2006
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հոգաբարձուների խորհուրդը՝ խորհրդի դիտորդ անդամ երեք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ, քննարկել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի, այսպես կոչված, «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի անկախ կառավարչի (խորհրդատվական ընկերության) ընտրության մրցութային գործընթացի, ինչպես նաև «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «ենթակառուցվածք» բաղադրիչի շրջանակներում խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային գործընթացի ու «Գյուղական ճանապարհների վերականգնում» ենթածրագրի ճանապարհների ուսումնասիրության և նախագծման նպատակով խորհրդատվական ընկերության ընտրության մրցութային գործընթացի կազմակերպման հարցերը: Վերոհիշյալ երեք հարցերի կապակցությամբ էլ խորհուրդը որոշել է հանձնարարել սկսել մրցութային գործընթաց՝ համաձայն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից հաստատված ընթացակարգի: Նախաորակավորում անցնելու վերաբերյալ հետաքրքրություն արտահայտելու մասին հայտարարությունը կհրապարակվի ՀՄՀ-ի հայաստանյան ծրագրի ինտերնետային կայքում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, ինչպես նաև ՄԱԿ-ի UNDB-online և dgMarket էլեկտրոնային պարբերականներում:
Օրակարգի առաջին հարցի՝ «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ջրից դեպի շուկա» կոչվող բաղադրիչի վերաբերյալ նշվել է, որ այն կունենա շուրջ 60 հազար շահառու ֆերմեր, նախատեսում է գյուղատնտեսության զարգացմանը միտված գյուղարտադրության նոր տեխնոլոգիաների ներդրում, գյուղատնտեսական արտադրողականության արդյունավետության մեծացում և արտադրանքի ծավալների աճ, ետբերքահավաքային և վերամշակման, շուկայավարման փորձառության տարածում, գյուղատնտեսությանը արտոնյալ վարկավորման տրամադրում և ցուցադրական ֆերմաների հիմնում: Իսկ «Ենթակառուցվածք» բաղադրիչի շրջանակներում կիրականացվի մայր ջրամբարների շինարարական աշխատանքների նախագծերի մշակում: Նիստում քննարկված մեկ այլ՝ «Գյուղական ճանապարհների վերականգնում» ենթածրագրով նախատեսվում է կենսական նշանակություն ունեցող 943 կմ ճանապարհների ուսումնասիրություն և նախագծում:
«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհուրդն այսօր անդրադարձել է նաև նախորդ՝ մարտի 15-ի նիստի հանձնարարականների կատարման ընթացքին: