Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 ապրիլի 2006

 



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև 2006թ. մարտի 27-ին ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի (ի դեմս «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի) միջև տորագրված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրի պահանջներին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» («ՀՄՀ-Հայաստան») պետական ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել է դրա կանոնադրությունը: Որոշման համաձայն, ՊՈԱԿ-ի գործունեության առարկան և հիմնական նպատակն է՝ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված և ՀՀ կառավարության կողմից նշված ծրագրերի իրականացման աշխատանքների կատարումը: Սահմանվել է, որ կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին է հանդիսանում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, նախարարին են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ ՊՈԱԿ-ների լիազորված պետական մարմիններին վերապահված այլ լիազորություններ:



Կառավարությունը միաձայն հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2005թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Նշվել է, որ 2005թ. ընթացքում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել, հետևաբար, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքը: Հաշվի առնելով, որ այդ ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ 2001, 2002 և 2003 թթ. տարեկան, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի կատարման հաշվետվություններ է ներկայացվել ՀՀ ԱԺ քննարկմանը, վերոհիշյալ հաշվետվությունն ընդգրկում է 2005թ. օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման գործընթացը: Այդ իմաստով՝ սույն հաշվետվության մասն են կազմում նաև.



«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի կատարման 2001 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-378, 11 հուլիսի 2002թ.), «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի կատարման 2002 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացվել 2003թ. ապրիլին), «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի կատարման 2003 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-75-Ն, 19 հունվարի 2005թ.), «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացվել 2005թ. ապրիլին):



Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել: Զեկուցվել է, որ այդ ժամանակաշրջանում ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները և իրականացված միջոցառումներն ուղղված են եղել ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը: Մասնավորապես, շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս մասնավորեցվող ընկերություններում առավելագույնս ներդրումներ ներգրավել և ընկերությունները վաճառել ռազմավարական ներդրողներին՝ գործարար ծրագրերին համապատասխան:



Մեկ այլ որոշմամբ գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանի հաղորդումը 2005թ. ընթացքում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին: Հաղորդման համաձայն, 2005թ. հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 145 կազմակերպություն, ընդ որում՝ 53-ը եղել են երկարաժամկետ, իսկ 92-ը կարճաժամկետ ծրագրեր: Ինչպես և նախորդ տարիներին, բազմաբնույթ ու մեծածավալ ծրագրեր են իրականացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, Սփյուռքի ճանաչված հայկական կազմակերպությունները (Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղը, Հայ ավետարանչական ընկերակցությունը և այլն): Նշվել է, որ 2005թ. 37 երկրներից 137 կազմակերպությունների հասցեով հանրապետություն են ներմուծվել շուրջ 14.92 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ: Դա մոտ 3.5 մլրդ դրամով պակաս է 2004թ. համեմատությամբ, ինչը, ըստ հանձնաժողովի նախագահի, պայմանավորված է մարդասիրական օգնության ծրագրերից աստիճանաբար զարգացման ծրագրերին անցնելու հանգամանքով: Հանձնարարվել է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին, ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ վերահսկողություն սահմանել համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման և նպատակային օգտագործման նկատմամբ:



Գործադիրն ի գիտություն է ընդունել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի «ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման 2006թ. (01.01.2006-01.04.2006թ.) հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Տեղեկանքի համաձայն 2006թ. առաջին եռամսյակում կատարման ենթակա թվով 61 կետերից 14-ը կամ 23 տոկոսը տեղափոխվել է երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակ: Ցանկում մնացած և կատարման ենթակա թվով 47 կետերից 2006թ. ապրիլի 7-ի դրությամբ կատարվել է 43-ը կամ 91.5 տոկոսը: Չեն կատարվել ծրագրով նախատեսված 4 կետեր, որոնք գտնվում են համաձայնեցման փուլում, իսկ մի քանի կետ կատարվել է որոշակի ուշացումով: Նախարարություններին, գերատեսչություններին հանձնարարվել է լուրջ ուշադրություն դարձնել կատարողական կարգապահությանը և կառավարություն ներկայացվող փաստաթղթերը պատրաստել պահպանելով դրանց առաջադրվող պահանջները: Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի պահանջները, հաշվի առնելով սպառողների համար մատչելի սակագնով ջերմամատակարարման վերականգնման անհրաժեշտությունը և էլեկտրական ու ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների օգտագործմամբ ջերմամատակարարման համակարգերի վերականգնման տեխնիկատնտեսական ցուցանիշների ազդեցությունը էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքային ռեժիմների վրա փորձարկելու նպատակով, կառավարությունը որոշում է ընդունել էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների օգտագործմամբ ջերմամատակարարման համակարգերի վերականգնման առաջնեկային ծրագրերի մասին: Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի, բնապահպանության, քաղաքաշինության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին՝ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի» օժանդակությամբ ու միջազգային աջակցության ծրագրերի ներգրավմամբ 8-ամսյա ժամկետում մշակել ՀՀ բնակավայրերի ջերմամատակարարման տնտեսապես արդարացված սխեմաները և ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:



«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները»: Փաստաթղթով կարգավորվում են 18 տարին լրացած մշտական կամ ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունեցող անօթևան, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց ժամանակավոր կացարան տրամադրելու, ինչպես նաև նրանց սոցիալական խնդիրների լուծումներ գտնելու հետ կապված հարաբերությունները: «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն, երեխաներին և բռնության ենթարկված անձանց ժամանակավոր կացարան տրամադրելու կարգերը, հաշվի առնելով հաճախորդների առանձնահատկությունները, կներկայացվեն առանձին: Որոշմամբ հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ եռամսյա ժամկետում հաստատել ժամանակավոր օթևան տրամադրող կազմակերպության օրինակելի կանոնադրությունը և կազմակերպություն ընդունված անօթևան անձի հաշվառման քարտի ձևը: 2 շաբաթ ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար:



Այլ որոշումներով, «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162 որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 5 մլն 875 հազար դրամ է հատկացրել ՀՀ Շիրակի մարզպետարանին՝ Լեռնակերտ գյուղի դպրոցի շենքի հատակի հիմնանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման և հատակի հիմնանորոգման համար, ևս 9 մլն 314 հազար դրամ հատկացվել է ՀՀ Տավուշի մարզպետարանին՝ Իջևանի թիվ 3 դպրոցի հիմնանորոգման նպատակով: ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդից մինչև 2 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին՝ «Ջերմուկի հիվանդանոց» ՓԲԸ-ի նոր մասնաշենք տեղափոխվելու հետ կապված բուժտեխնիկայի ապամոնտաժման, գույքի և սարքավորումների մոնտաժման աշխատանքների իրականացման համար:



Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին» 1999թ. մայիսի 20-ին ստորագրված պայմանագրին կից ՀՀ ծառայողական գաղտնիքի և Բելառուսի Հանրապետության ծառայողական գաղտնիքի համատեղ օգտագործման և պաշտպանության մասին» արձանագրության կնքման առաջարկություններին:



Նիստում կառավարությունը հաստատել է նաև ՀՀ միջին և նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման) 2006-2007 ուսումնական տարվա ընդունելության տեղերը՝ ըստ ՀՀ նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների և մասնագիտությունների: Սահմանվել է, որ միջին և նախնական մասնագիտական կրթության մասնագիտությունների անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման) հաստատված տեղերը միջին և նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրվում են միայն ըստ մասնագիտությունների՝ կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում:



Մեկ այլ որոշմամբ, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, սահմանվել են քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ինչպես նաև առողջական վիճակի հետ կապված պահանջները: Որոշման համաձայն, քրեակատարողական ծառայությունում ծառայության մեջ գտնվող և զենք կրող ծառայողների վրա տարածվում է ՀՀ կառավարության 2001թ. հունվարի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշման գործողությունը: Հանձնարարվել է շահագրգիռ նախարարություններին՝ լրացուցիչ քննարկել և անհրաժեշտության դեպքում խմբագրել նախագիծը:



Կառավարությունը հավանություն է տվել «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» և «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: Որոշման ընդունումը պայմանավորված է 2000թ. ընդունված «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքը միջազգային ստանդարտներին, մասնավորապես Եվրամիության օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Հավանություն է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին ևս՝ օրենքի մի շարք հասկացությունների հստակեցման և «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներով, որոնցով կարգավորվում են երկրագործության ոլորտում պետական տեսչության գործունեության հիմնական ուղղությունները: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել նաև «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին:



Մեկ այլ որոշմամբ նիստում հաստատվել է ՀՀ 2006թ. պետական բյուջեում ընդգրկված ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող առանձին ծրագրերով նախատեսված միջոցառումների ցանկը:



«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը: Փաստաթղթով սահմանվում է, որ սույն կարգի դրույթները չեն տարածվում միջուկային և էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ավիացիայի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների վրա:



Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N1809-Ն որոշման մեջ՝ այն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Նկատի է առնվել, որ նշված օրենքի համաձայն, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի գործառույթների մեծ մասն իրականացնելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իսկ որոշ մասը ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմինը, որպիսին հանդիսանում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:



Կառավարությունը հավանություն է տվել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: Դրանցից առաջինը մշակվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև իրականացվող Աղքատության կրճատման և տնտեսական աճի ծրագրին վերաբերող պահանջները: Մյուս օրինագծով նախատեսվում է արտադրական նշանակություն ունեցող որոշ սարքավորումների ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը հետաձգելու մեխանիզմ: Որոշվել է նաև օրինագծերի փաթեթը համարել անհետաձգելի:



Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը որոշել է երկարաձգել «ՀՀ կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին» 2002թ. նոյեմբերին ստորագրված փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը՝ մինչև 2006թ. դեկտեմբերի 31-ը: Որոշումն ընդունվել է փոխըմբռնման հուշագրին համապատասխան, հաշվի առնելով Եվրախորհրդի նախարարների կոմիտեի համապատասխան առաջարկը:



Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և ՀՀ կառավարության միջև 2005թ. կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին, ինչպես նաև «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը փոփոխություն է կատարել 2006թ. փետրվարի 16-ի «ՀՀ 2006թ. պետական բյուջեի ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) գումարներն ավելացնելու, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 228-Ն որոշման մեջ, որով, մասնավորապես, «Տարածքային կառավարում և համայնքային զարգացում» բաժնում նախատեսված «Ն. Գետաշեն-Վ. Գետաշեն- Մադինա ճանապարհի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և 22 կմ երկարությամբ ճանապարհի 1.5 կմ հատվածի նորոգում» միջոցառումը փոխարինվել է «Վ. Գետաշենի ներհամայնքային նշանակության կենտրոնական ճանապարհի հիմնանորոգում» միջոցառմամբ: Հիշյալ որոշմամբ նախատեսված առանձին ծրագրերի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավասությունները վերապահվել են ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններին:



Գործադիրը հավանություն է տվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի «ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում 2006թ. փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկի» հանձնարարականից: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ բոլոր նախարարություններին և գերատեսչությունների հետ նախագիծը լրացուցիչ քննարկելու և արդյունքների մասին կառավարության հաջորդ նիստում զեկուցելու համար:



Հավանություն է տրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին ևս, որը պայմանավորված է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ միջազգային պայմանագրերի սահմանումներին այդ հանցագործությունների բնորոշումները համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մեկ այլ որոշմամբ նույն օրենսգրքում առաջարկվել է կատարել փոփոխություններ և լրացում, որոնք պայմանավորված են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործությունների համար նախատեսված պատիժների վերանայման անհրաժեշտությամբ: Որոշվել է նաև օրինագիծը համարել անհետաձգելի:



ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը համաձայնել է ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի ակտիվների կազմից գույք առանձնացնելու մասին» N 679-Ա որոշմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը նվիրաբերված գույքից հետագա շահագործման համար ոչ պիտանի գույքի (վարչական շենք, մեխանիկական տեղամաս, մետաղյա և փայտյա վագոն-տնակներ և այլն) օտարման մասին նշված միության առաջարկին:



«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, որոշվել է «Երևան ստուդիա» ՓԲԸ-ի գույքի կազմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 42 մլն 84 հազար 433.5 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և այն, որպես պետական սեփականություն հանդիսացող գույք հանձնել «Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ» պետական հիմնարկին՝ գույքի արժեքի չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը, լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու եղանակով: Որոշվել է լուծարել «Երևան ստուդիա» ՓԲԸ-ն: Նկատի է առնվել, որ թեև ներկայումս ընկերությունը մարել է իր բոլոր պարտքերը, սակայն պետական բյուջեից հատկացվող փոքր միջոցների և չնչին առևտրային եկամուտների պայմաններում անհնար է կազմակերպել ընկերության բնականոն գործունեությունը:



Այլ որոշումներով գործադիրը լրացումներ և լրացում է կատարել համապատասխանաբար ՀՀ կառավարության 1998թ. սեպտեմբերի 18-ի N 580 և 1998թ. նոյեմբերի 27-ի N 753 որոշումների մեջ՝ շինարարության ոլորտում աշխատող տնտեսվարող սուբյեկտների հարկման հարցերի կանոնակարգման նպատակով:



«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N 1321-Ն որոշմամբ «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը հետ վերցնելու և իր սեփականությունը հանդիսացող գույքը «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին օտարելու կապակցությամբ, գործադիրը որոշել է լուծարել «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:



«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Դաշտ գյուղական համայնքի ավագանու անդամների լիազորությունները և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Դաշտ գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել ավագանու արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդից 127 հազար 685 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին, Դաշտ գյուղական համայնքի ավագանու արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով:



Նիստում որոշումներ են ընդունվել ՀՀ Տավուշի մարզի Խաչարձանի, Գոշի, Լոռու մարզի Լերմոնտովոյի գյուղական համայնքների, Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում փոփոխություն կատարելու և հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ:



Կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել նաև ՀՀ Արարատի մարզի Մասիսի, Սյունիքի մարզի Քաջարանի, Ագարակի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկի քաղաքային, ինչպես նաև Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի շուրջ մեկ տասնյակ գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ