հինգշաբթի, 21 հունիսի 2001
Այսօր Երևանում բացվեց ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում էին համակարգի հրատապ և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Նիստի բացմանը ներկա էր և մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը. «Անկախության հռչակումից հետո, - նշեց վարչապետը, - ինչպես ԱՊՀ անդամ մյուս երկրները, Հայաստանի Հանրապետությունը ևս ընթանում է իրավական, ժողովրդավարական հասարակության կառուցման ուղիով և այդ ճանապարհին առանձնահատուկ դեր է վերապահվում իրավապաշտպան, մասնավորապես ներքին գործերի մարմիններին: ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ Համագործակցության պետություններում ձևավորվում են հասարակական, քաղաքական ու սոցիալ-տնտեսական նոր հարաբերություններ, ստեղծվում է նոր իրավական դաշտ և իրավապաշտպան մարմինների առջև ծառանում են այնպիսի համապարփակ խնդիրներ, ինչպիսիք են պայքարը ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ»:
Այս ամենը, ըստ վարչապետի, առավել քան հրատապ է դարձնում նման երևույթների դեմ պայքարի համաձայնեցված ռազմավարության մշակման, համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը: Նշելով, որ ահաբեկչությունն այսօր դարձել է սոցիալական ու քաղաքական կայունության լուրջ սպառնալիքներից մեկը, Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ դրա դեմ պայքարը ձեռք է բերել ոչ միայն ներպետական, այլև միջազգային մասշտաբներ: Այդ պատճառով էլ ս.թ. մայիսի 25-ին Երևանում անցկացված ԱՊՀ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում շատ լուրջ ուշադրություն է դարձվել ահաբեկչության և էքստրեմիզմի այլ դրսևորումների դեմ պայքարի խնդիրներին: Կարևորելով համատեղ պայքարը կոռուպցիայի դեմ, որը հետևանք է նաև անցման շրջանի դժվարությունների, տնտեսական անկման, օրենսդրական անկատարության, վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը վճռականորեն է տրամադրված կոռուպցիայի, հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարում և հանրապետության ներքին գործերի նախարարության հետ մշակել է «Կոռուպցիայի դեմ պայքարի» պետական ծրագիր:
Կառուցողական և բեղմնավոր աշխատանք մաղթելով խորհրդի նիստի մասնակիցներին՝ Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ այդ աշխատանքի արդյունքները կնպաստեն ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների համագործակցության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը: