չորեքշաբթի, 26 ապրիլի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցային համալիրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ:
Գոհունակություն հայտնելով հայ-լիտվական քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակից, վարչապետը հավաստել է, որ Հայաստանը շահագրգռված է առավել ամրապնդել և զարգացնել այն՝ ընդլայնելով համագործակցությունը նաև տնտեսական ոլորտում: Նա կարևորել է երկկողմ շփումների, հատկապես վերջին տարիներին հաճախակի դարձած բարձր մակարդակի փոխայցելությունների դերը, նշելով, որ Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի գլխավորած պատվիրակության ներկայիս այցը ևս նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Անդրանիկ Մարգարյանն այդ համատեքստում է դիտարկել նաև Լիտվայի վարչապետի և արտգործնախարարի՝ այս տարվա աշնանը նախատեսված այցերը մեր երկիր:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Լիտվայի հետ համագործակցությանը եվրաինտեգրման բնագավառում, հաշվի առնելով այդ ուղղությամբ վերջինիս փորձը: Զրուցակցին տեղեկացնելով, որ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը նախատեսվում է անցկացնել այս տարվա մայիսին, Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ ծրագիրը կհաստատվի 2006թ. ընթացքում, որից հետո, ըստ նրա, մեր երկիրը պատրաստ է ԵՄ անդամ այլ պետությունների թվում դիտարկել նաև Լիտվայի հետ համագործակցության հնարավորությունները՝ գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում:
Լիտվայի նախագահն ընդգծել է, որ զարգացման եվրոպական ուղին ընտրած Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունները Լիտվան դասում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին: Կարևորելով նաև միջազգային տարածաշրջանային նախաձեռնությունները, այդ ուղղությամբ երկարաժամկետ համագործակցությունը, Վալդաս Ադամկուսը տեղեկացրել է, որ այս տարվա մայիսի 4-5-ը Վիլնյուսում նախատեսվում է անցկացնել Բալթյան և Սևծովյան երկրների ղեկավարների գագաթաժողով՝ շուրջ 15 երկրների, այդ թվում նաև Հայաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ՝ տարածաշրջանի երկրների, Ռուսաստանի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի միջև երկխոսության նոր ձևերի մշակման նպատակով:
Զրույցի ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավարը կարևորել է նաև մեր երկրի հաջողությամբ ընթացող համագործակցության ընդլայնումը ՆԱՏՕ-ի հետ՝ այն դիտարկելով որպես եվրաինտեգրման քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը: Ըստ նրա, Հայաստանը մտադիր է առավելագույնս օգտվել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) ընձեռած հնարավորություններից և ակնկալում է Լիտվայի աջակցությունը այդ շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, ինչպես նաև գործուն մասնակցությունը IPAP-ի իրականացման հարցերում:
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են նաև երկու երկրների ներկայացուցիչների սերտ համագործակցությունը ինչպես եվրոպական կառույցների, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային այլ կազմակերպությունների շրջանակներում, ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության, միջկուսակցական կապերի զարգացման անհրաժեշտությունը:
Տարածաշրջանային համագործակցության շրջանակներում վարչապետը Լիտվայի նախագահին ծանոթացրել է նաև տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակին և մոտեցումներին:
Անդրադառնալով հայ-լիտվական առևտրատնտեսական համագործակցությանը, զրուցակիցները նշել են, որ չնայած 2004թ. համեմատ 2005թ.-ին ապրանքաշրջանառության որոշակի աճ է արձանագրել, սակայն այդ ոլորտում գործակցությունը դեռևս մնում է ցածր մակարդակի վրա և չի արտացոլում կողմերի հնարավորությունները: Այդ համատեքստում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ Լիտվայի նախագահի այցի շրջանակներում գործարար համաժողովի կազմակերպումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի հետագա խորացման համար: Հիշյալ նպատակին ուղղված գործնական քայլերի թվում կողմերը նշել են նաև «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրման, «ՀՀ կառավարության և Լիտվայի կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու կարևորությունը: Առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման համար Անդրանիկ Մարգարյանը և Վալդաս Ադամկուսը կարևորել են նաև գործարար համաժողովների, փոխայցելությունների հաճախակի կազմակերպումը, գործարար բնույթի տեղեկատվության պարբերաբար փոխանակումը, ցուցահանդեսների կազմակերպումը, համագործակցության ընդլայնումը երկու երկրներում գործող առևտրատնտեսական ոլորտի ենթակառուցվածքների՝ առևտրաարդյունաբերական պալատների, արդյունաբերողների և գործարարների միությունների միջև, փոխգործակցության սերտացումը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության, գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Հանդիպմանը ներկա երկու կողմերի գյուղատնտեսության և տրանսպորտի փոխնախարարները զեկուցել են այդ ոլորտներում համագործակցության ծրագրերի և հնարավորությունների մասին: Նախագահ Ադամկուսը կարևորել է տրանսպրոտային հաղորդակցության ուղիների բարելավման, այդ թվում՝ աբխազական երկաթգծի վերագործարկման անհրաժեշտությունը, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետն ասել է, թե Հայաստանը բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը՝ գործարկման աշխատանքներին մասնակցելու: Զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկայի բնագավառում համագործակցությանը ևս, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներին:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Լիտվայի նախագահին տեղեկացրել է նաև, որ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին Երևանում նախատեսվում է կազմակերպել Տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակ, որի շրջանակներում կանցկացվեն մի շարք համաժողովներ, «DIGITEC 2006» ամենամյա միջազգային ցուցահանդեսը և հրավիրել է լիտվական ՏՏ ոլորտը ներկայացնող ընկերություններին ու ասոցիացիաներին՝ այդ միջոցառումներին մասնակցելու: