ուրբաթ, 28 ապրիլի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 11 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային պոլիկլինիկայի համար բժշկական սարքավորումների և պարագաների ներկրում», Երևանի պետական համալսարանի կողմից իրականացվող «Համակարգչային ցանցի անվտանգության և ֆիզիկական ենթակառուցվածքի բարելավում», «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության համերգային դահլիճի մասնակի վերանորոգում» ծրագրերը:
«Բարձունք 5165» ֆրանսահայ հասարակական-բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Գյումրի-13» ատամնաբուժական դիսպանսերի ծառայություն» ծրագրի նպատակն է Գյումրիում ապրող անապահով ընտանիքներին մատուցել անվճար ատամնաբուժական ծառայության մատուցումը, իսկ «Նաիրի» հաշմանդամ երեխաների ծնողներ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կյանքի առողջ սկիզբ» ծրագիրը կնպաստի հաշմանդամ երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ:
Նիստում հաստատվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Շիրակի մարզի Հառիճավանքի դպրատան նորոգման, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հատակային ջեռուցման և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս կառույցների կաթսայատների սարքավորումների ձեռքբերման ու մոնտաժման աշխատանքների իրականացման ծրագրերը:
«Գյումրու «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Շիրակ» բժշկական ծառայություններ», «Զեյթուն -9» և «Բարեկեցիկ մանկություն և ծերություն-2» ծրագրերի նպատակն է Գյումրիում ապրող անապահով ընտանիքներին ատամնաբուժական ծառայությունների, դեղորայքի տրամադրումը, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 9 մանկապարտեզի սաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, բարեգործական օգնության տրամադրումը միայնակ և հաշմանդամ ծերերին:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: