չորեքշաբթի, 3 մայիսի 2006
Այսօր տեղի է ունեցել «Արմավիա» ավիաընկերության Երևան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Նա նախ տեղեկացրել է տվյալ պահի դրությամբ Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի կողմից իրականացվող փրկարարական աշխատանքների մասին, նշելով, որ արդեն իսկ աղետի վայրում են նաև Հայաստանի փրկարար ծառայության ջոկատը, զոհվածների հարազատները, որոնց, մասնավորապես, անվճար տրամադրվել են երկու հյուրանոց, երկու հիվանդանոց, հեռախոսագիծ, տրանսպորտային միջոցներ, նրանց անհրաժեշտ համապատասխան օգնություն է ցուցաբերում 15 հոգեբույժ: Վթարի պատճառները, հայտնաբերված դիակների և աղետի հետ կապված այլ հանգամանքներ ներկայումս ճշտվում են, որոնց վերաբերյալ, ըստ նրա, հնարավոր կլինի առավել ամբողջական տեղեկատվություն ներկայացնել Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո:
Հանձնաժողովը քննարկել է ինքնաթիռային աղետից զոհվածների աճյունների տեղափոխման և հուղարկավորության հետ կապված խնդիրները:
Հանձնարարվել է ՀՀ ֆինասների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ՀՀ կառավարության վաղվա՝ մայիսի 4-ի նիստին ներկայացնել որոշման նախագիծ՝ ավիավթարի հետևանքով զոհված ուղևորների հուղարկավորության կազմակերպման և նրանց ընտանիքներին անհրաժեշտ ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Երևանի քաղաքապետին և ՀՀ մարզպետներին հանձնարարվել է կազմակերպել Զվարթնոց օդանավակայանից զոհված ուղևորների դիերի ավտոմեքենաներով տեղափոխումը իրենց բնակության վայրեր: Երևանի քաղաքապետին հանձնարարվել է նաև պատվիրել դագաղների ժամանակին պատրաստումը և ըստ անհրաժեշտության լուծել գերեզմանատեղերի հատկացման հարցը: ՀՀ առողջապահության նախարարությունը, ըստ հանձնարարականի կապահովի զոհվածների հարազատների բուժօգնության կազմակեպումը Զվարթնոց օդանավակայանում (առաջին շտապ բուժօգնություն, կարդիո և հոգեբուժական ծառայություն): Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ ոստիկանությունը՝ կապահովի Զվարթնոց օդանավակայանից զոհվածների դիերը տեղափոխող ավտոմեքենաների ուղեկցումը համապատասխան բնակության վայրեր: ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնարարվել է մայիսի 5-6-ի սգո օրերին դադարեցնել բոլոր տեսակի մշակութային միջոցառումները, իսկ ՀՀ պետական կառավարման մարմիններին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ հայտարարված սգո օրերին խոնարհել ՀՀ պետական դրոշը: