շաբաթ, 23 հունիսի 2001
Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում բացվեց Հայաստանի արդյունաբերողների և գոծարարների միության համագումարը: Բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Համագումարի մասնակիցներին ուղղված վարչապետի ողջույնի խոսքում ասված է.
«Հարգելի բարեկամներ, ուրախ եմ ողջունելու ձեզ և հանձինս ձեզ, հանրապետության բոլոր գործարարներին՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարի կապակցությամբ:
Հայաստանում շուկայական հարաբերությունների ձևավորման գործընթացն օբյեկտիվորեն հանգեցրեց բազմաթիվ ոչ պետական կառույցների ստեղծմանը, որոնք ի սկզբանե լուրջ դերակատարում ստանձնեցին շուկայական տնտեսության, նոր տնտեսական համակարգի կայացման գործում:
Հանրահայտ է, որ ազատական տնտեսությունն էական ճշգրտումներ է մտցնում պետական տնտեսական քաղաքականության մեջ, կառավարության, պետության տնտեսական կառավարման գործառույթներում: Եվ դա միանգամայն հասկանալի է:
Հայաստանում շուկայական տնտեսությանն անցման շրջանում կուտակված քաղաքական, տնտեսական և սոցիալական հիմնախնդիրների լուծման համար կպահանջվի մեկտեղել, ամրապնդել և արդյունավետ օգտագործել պետության և գործարարների ներուժը:
Այդ առումով կարևորվում է նաև պետական կառավարման բարեփոխման նպատակի սահմանումը: Իսկ նպատակը պետք է լինի այնպիսի միջավայրի ձևավորումը, որի պայմաններում ցանկացած գործունեությամբ զբաղվող սուբյեկտները կհայտնվեն հավասար պայմաններում, կբացառվեն վարչահրամայական համակարգին յուրահատուկ թելադրանքը, բացարձակ կենտրոնացվածությունը, կոռուպցիոն դրսևումները:
Հանրապետությունում իրականացվող տնտեսական բարեփոխումները և երկրի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելուն ուղղված ռազմավարությունը ենթադրում են ձեռնարկատիրության, շուկայական մրցակցային միջավայրի ձևավորման, զարգացած շուկայական ենթակառուցվածքի, ներքին շուկայի պաշտպանության, ամբողջական պահանջարկի ընդլայնման պետական աջակցության միջոցառումների ուժեղացում:
Հայաստանի կառավարությունը լավ է գիտակցում, որ շուկայական հարաբերությունների զարգացումն ուղեկցվում է բազմաբնույթ ու բազմաթիվ հիմնախնդիրներով, որոնք հենց այնպես չեն առաջանում և չեն կարգավորվի երբևէ, եթե կառավարության միջոցառումները չստանան գործարար շրջանների համակողմանի աջակցությունը:
Շուկայում առաջացող հիմնախնդիրների լուծումը, շուկայական մրցակցային միջավայրի ձևավորումը և ձեռնարակտիրական գործունեության ակտիվացումը կապված է համապատասխան շուկայական ենթակառուցվածքի առկայության հետ: Ենթակառուցվածք, որի տարրերից մեկն է հանդիսանում Արդյունաբերողների և գործարարների միությունը:
Ի պատիվ Հայաստանի ադրյունաբերողների և գործարարների միության, այսօր կարելի է արձանագրել, որ Հայաստանում, ի թիվս այլ շուկայական կառույցների կայացել է ինքնակառավարվող մի կառույց, որի գործունեությունը նպատակաուղղված է հանրապետությունում գործարարության զարգացմանը, չնայած միությունը դեռ բավականաչափ անելիքներ ունի: Կան հարցեր, որոնց լուծման նախաձեռնությունը պետք է ելնի գործարարներից՝ հետագայում ստանալով կառավարության աջակցությունը:
Բոլորս ենք հասկանում, որ երկրի տնտեսության մեջ լուրջ դրական տեղաշարժեր չեն կարող լինել, եթե պետության և գործարարների միջև չկայանա արդյունավետ փոխգործակցություն: Իսկ, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի աշխատանք սկսված է, փաստ է: Նշեմ դրանցից մի քանիսը՝ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված է Գործարարության աջակցման խորհուրդ, որի կազմում ընդգրկված են 24 գործարարներ, որոնք կես տարին մեկ ռոտացիոն կարգով փոխարինելով միմյանց, գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ խորհրդի նիստերում փորձում են վերհանել գործարարությանը խոչընդոտող երևույթները, ձևակերպել խնդիրները, կառավարություն հասցնել գործարարների առաջարկները, դիտողությունները:
Կարող եմ հավաստիացնել, կարծում եմ նույնը կպնդեն այդ աշխատանքներին մասնակցած ձեր գործընկեր-գործարարները, որ խորհրդի ձևավորումից ի վեր, անցած կես տարում բավականին հաջող և արդյունավետ աշխատանք է կատարվել՝ ստեղծվել է, այսպես կոչված, «պրոբլեմների բանկ», որոնցից հրատապ, առաջնահերթ լուծում պահանջողները մտնում են խորհրդի նիստերի օրակարգ, քննարկվում և լուծումներ տրվում: Կուտակված բոլոր հարցերը, նաև ընթացքում առաջարկվածները մանրամասն քննության կառնվեն խորհրդի անդամների կողմից և այսուհետ ևս միասնաբար կփորձենք ելքեր գտնել:
Հարկ է նշել նաև,որ գործարարությանը վերաբերող ցանկացած օրենսդրական նախաձեռնության կամ որոշման նախագծի մասին, մինչ դրանց ընդունումը, տեղեկացվում է գործարարներին, քննարկվում նրանց հետ: Կցանկանայի ընդգծել նաև Զարգացման հայկական գործակալության աշխատանքներում, ավելի ստույգ՝ նրա ղեկավար մարմնի կազմում՝ խորհրդում, գործարարների ընդգրկվածության և ոչ պակաս շահագրգիռ աշխատանքի մասին: Նրանց մեծ մասը նաև ձեր՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամներ են: Համատեղ աշխատանքի նպատակը մեկն է՝ գործարարության համար ստեղծել բարենպաստ միջավայր, միասնական ջանքերը և ուժերը նպատակաուղղել տնտեսության զարգացմանը, աշխատել համագործակցված, ոչ թե միմյանց համար խոչընդոտներ ստեղծել: Այս սկզբունքն է գործում նաև ԱԺ-ում տնտեսության համար կարևորագույն օրինագծեր ներկայացնելիս գործարարների հետ դրանք անպայման քննարկելու, կարելի է ասել, արդեն ավանդույթը: : Հիշենք հարկային, մաքսային ոլորտներում առաջարկվող փոփոխությունների օրենսդրական փաթեթները, «Ստուգումների մասին» օրինագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելուց առաջ քննարկումները ձեզ հետ և այդ օրենքներում ձեր բազմաթիվ կարևոր առաջարկները, դիտողությունները հաշվի առնելը:
Այժմ աշխատանքներ են տարվում ինֆորմացիոն տեխնոլոգիաների խորհրդի կազմավորման ուղղությամբ, որտեղ ևս գործարարներիդ մասնակցությունը մեծապես կարևորվում է: Չեմ կարող չանդրադառնալ փոքր ու միջին ձեռնարկությունների ոլորտին, որի նկատմամբ կառավարությունը հատուկ վերաբերմունք է ցուցաբերում. գիտեք, արդեն ընդունվել են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» հայեցակարգը և օրենքը: Այժմ նախատեսվում է ստեղծել ՓՄՁ-ների աջակցման գործակալություն, որի հիմնական խնդիրն այս ոլորտի զարգացումը խթանելն է՝ ներդրումների ներգրավմանը, շուկաներ և գործընկերներ գտնելուն աջակցելը և այլն:
Կառավարությունն իր տնտեսական քաղաքականությունն իրականացրել և իրականացնում է միանգամայն հրապարակային և ակնկալում, որ գործադիր իշխանություն-գործարարներ սկիզբ դրված համագործակցությունը գնալով ավելի ակտիվ և արդյունավետ կդառնա:
Այս ամենի կողքին, սակայն, չեմ կարող չնշել նաև բացասական որոշ իրողությունների մասին: Դա մի շարք ոլորտներում իրականացվող ոչ բավարար վարչարարությունն է, բյուրոկրատական անհարկի քաշքշուկները, կոռուպցիան, հովանավորչությունը և այլն: Երևույթներ, որ նոր չեն, սակայն այլևս լուրջ սպառնալիք են տնտեսության, եթե կուզեք՝ պետականության կայացման համար: Կառավարությունն այս ընթացքում փորձել է որոշակի քայլեր ձեռնարկել այդ երևույթների վերացման ուղղությամբ, հստակեցնել այս կամ այն կառույցի, չինովնիկի գործառույթները, դրանցից ելնելով հստակեցրել նրանց և գործարարների շփումների անհրաժեշտ մակարդակը: Արդյունքում այդ շփումները նվազեցվել են, ավելորդ անցնելիք օղակները պարզապես հանվել, սահմանվել է ավելի պարզ և հստակ կարգ: Այդ առումով հատկանշական է արդեն իսկ ընդունված և գործող «Լիցենզիաների մասին օրենքը», «Ֆիրմային անվանումների գրանցման», «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքները, որոնք գործարարների գործունեության համար բավականին բարենպաստ դաշտ են ստեղծում՝ խնայելով նրանց ժամանակը, նյարդերը, միաժամանակ փակելով կաշառակերության հնարավոր օջախները:
Կուզենայի անդրադառնալ նաև ոչ պակաս մտահոգիչ մեկ այլ խնդրի՝ սեփականաշնորհման գործընթացի արդյունավետության բարձրացմանը, մասնավորեցված ձեռնարկությունների հետ պետության հարաբերություններին: Միանշանակ է, որ պետությունն իրավունք չունի միջամտել տնտեսվարող սուբյեկտների աշխատանքին, բայց և չի կարող անտարբեր գտնվել երկրի տնտեսության համար կարևոր ձեռնարկությունների ճակատագրի նկատմամբ: Այս խնդիրը բազմաշերտ է և կարելի է շատ երկար խոսել, սակայն անդրադառնամ միայն վարկավորման խնդրին:
Պետությունը, հասկանալի պատճառներով, առայժմ չի կարողանում մասնավորեցված ձեռնարկություններին անհրաժեշտ վարկավորման պայմաններ ապահովել, մեր բանկերը նախընտրում են մեծ ռիսկերի չգնալ: Խոսքը կարճատև վարկերից միջին և երկարաժամկետ վարկերին անցնելու մասին է, որի անհրաժեշտությունը այսօր հատկապես ունեն վերամշակող ձեռարկությունները:
Այսօր մեծ խնդիր ունեն նաև խոշոր ձեռնարկությունները, որոնց համար չափազանց դժվար է, հաճախ անհեռանկար՝ նախկին ձևով վերագործարկվելը: Այստեղ վերաորակավորման, հարկ եղած դեպքում վերապրոֆիլավորման խնդիրներ են առաջանում, ինչը թելադրում է շուկան, իսկ վերջինիս հետ հաշվի չնստելը նշանակում է դատապարտվել կործանման:
Կառավարությունը փորձում է լրջորեն վերանայել այս քաղաքականությունը: Խոշոր ձեռնարկությունների գործարկման նվազ հնարավորությունների կողքին դիտարկելով փոքր հզորություններով, բայց հեռանկարային և խոստումնալից ծրագրերով գործունեությունը շարունակելու և աստիճանաբար զարգանալու հնարավորությունները:
Ես, ավելի քան, համոզված եմ, որ Արդյունաբերողների և գործարարների միությունը դեռևս գտնվում է իր մեծ ներուժի օգտագործման ոչ բավարար մակարդակում: Միաժամանակ բոլոր հուսադրող նախադրյալներն առկա են միության հնարավորությունների լիարժեք դրսևորման համար:
Ցանկանում եմ համագումարին արդյունավետ աշխատանք և ակնկալում եմ, որ այն լուրջ ազդակ կհանդիսանա հետագայում Արդյունաբերողների և գործարարների միության էլ ավելի արդյունավետ գործունեության համար:
Կառավարությունը պատրաստակամ է համատեղ կառուցողական աշխատանքը շարունակելու և բոլորիս ուժերը մեր երկրի տնտեսության հզորացմանը նպատակաուղղելու գործում»: