հինգշաբթի, 4 մայիսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստի և երաժշտության ընտրության նպատակով, ստեղծվել է մրցութային հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, արտաքին գործերի, կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Հայաստանի գրողների, կոմպոզիտորների և երաժշտագետների միությունների, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:
Մրցութային հանձնաժողովին հանձնարարվել է 15-օրյա ժամկետում մշակել ՀՀ օրհներգի տեքստի և երաժշտության ընտրության չափանիշներն ու մրցույթի պայմանները, 20-օրյա ժամկետում հայտարարել ՀՀ օրհներգի տեքստի և երաժշտության ընտրության մրցույթ, ինչպես նաև 2-ամսյա ժամկետում ամփոփել մրցույթի արդյունքներն ու ընտրված տեքստը և երաժշտությունը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ կառավարություն:
Հանձնարարվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ մեկշաբաթյա ժամկետում հաստատել մրցութային հանձնաժողովի անհատական կազմը, ապահովել զանգվածային լրատվության միջոցներով ՀՀ օրհներգի տեքստի և երաժշտության ընտրության մրցույթի անցկացման մասին տեղեկատվության հրապարակումը: