չորեքշաբթի, 10 մայիսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմի անդամներին, որոնք օրերս մեկնելու են Լոնդոն՝ Հարավային Անգլիայի ափերին կառանված «Կիլիկիայի» նավարկության երրորդ փուլն իրականացնելու համար:
Նավի կապիտան Կարեն Բալայանը, նավարկության տարեգիր, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, անձնակազմի մյուս անդամները վարչապետին ներկայացրել են նավարկության եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները, նշելով, որ դրանք ընթանում են նախատեսված ծրագրին համապատասխան: Նավարկության ժամանակացույցի համաձայն, ըստ նրանց, «Կիլիկիան» Հարավային Անգլիայի ափերից ծով դուրս կգա մայիսի 28-ին՝ ուղղություն վերցնելով դեպի Ֆրանսիայի Կալե նավահանգիստ: Հաջորդ օրերին ու ամիսներին, անցնելով Հյուսիսային և Բալթիկ ծովերով, շուրջ մեկ տասնյակ պետությունների ափերով, օգոստոսին նավը կժամանի Սանկտ-Պետերբուրգ, այնտեղից դեպի Սև ծով՝ Փոթի նավահանգիստ ուղևորվելու համար: Այնուհետև ցամաքով կտեղափոխվի Հայաստան և հաջորդ տարվա գարնանը կհանգրվանի Սևանա լճում՝ դառնալով հայոց պատմության, հայության ստեղծարար մտքի և ոգու նորօրյա խորհրդանիշներից մեկը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստիացրել է, որ ինչպես նախորդ փուլերում, այս անգամ ևս կառավարությունը հնարավորինս կաջակցի նախապատրաստական աշխատանքների իրականացմանն ու նավարկության ընթացքում ծագող խնդիրների լուծմանը:
Հանդիպման ավարտին վարչապետը հաջող նավարկություն և բարի վերադարձ է մաղթել «Կիլիկիայի» անձնակազմին: