ուրբաթ, 29 հունիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վրացական կողմի պատվիրակությանը՝ Վրաստանի պետնախարարի տեղակալ, հանձնաժողովի համանախագահ Կոբա Գվենեթաձեի գլխավորությամբ:
Վարչապետը նշեց, որ հանձնաժողովի երկրորդ նիստի աշխատանքը, որքան էլ որ ծանր էր՝ նկատի առնելով կուտակված և օրակարգում ներառված բազմաթիվ խնդիրները, այնուամենայնիվ, որոշակի դրական տեղաշարժ արձանագրել է, և այժմ շատ կարևոր է ձեռքբերված պայմանավորվածությունների, ստորագրված արձանագրության կետերի իրագործման նկատմամբ հետևողականությունը:
Անդրանիկ Մարգարյանը անթույլատրելի համարեց երկու երկրների միջև տարիներով խնդիրներ կուտակելը, երբ կարելի էր ժամանակին դրանց անդրադառնալ, փորձել համատեղ քննարկել, բանակցել և որոշակի լուծումներ գտնել, ինչպես արվեց միջկառավարական նիստի ժամանակ: Սա, ըստ ՀՀ վարչապետի, բխում է երկու երկրների շահերից էլ, քանի որ տնտեսական հարաբերություններից զատ, Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեն քաղաքական սերտ հարաբերություններ և ավանդական բարեկամական կապեր:
Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոբա Գվենեթաձեն համաձայնեց վարչապետի տեսակետին, ըստ որի, երկու երկրների միջև տարբեր մակարդակների հանդիպումներն ավելի հաճախակի պետք է դարձնել՝ փորձելով ընթացքում լուծել առաջացող խնդիրները:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև վրացահայ համայնքին, Վրաստանի ներքաղաքական ներկայիս վիճակին: