երեքշաբթի, 16 մայիսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին, որին ուղեկցում են ԱՊՀ երկրներում ընկերության գլխավոր տնօրեն Սերգյուշ Վիզան, գործարար կառավարման և ռազմավարության գծով տնօրեն Պոլ Մակլեստոնը և Հայաստանում Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Վարչապետը ողջունել է ՏՏ ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ Մայքրոսոֆթի հետաքրքրվածությունը մեր երկրում հիշյալ ոլորտի զարգացմանն աջակցելու հարցում և այդ առումով կարևոր համարել պրն. Վահե Թորոսյանի այցը Հայաստան: Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Գրիգոր Բարսեղյանին, նշելով, որ իբրև ՀՀ վարչապետին առընթեր ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի անդամ և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում մեծ փորձ ու ներդրում ունեցող անձ, այս նշանակմամբ պարոն Բարսեղյանը հնարավորություն կունենա ավելի խորացնել Մայքրոսոֆթ ընկերության հետ մեր երկրի համագործակցությունը՝ նկատի առնելով երկկողմ ցանկությունը, պատրաստակամությունն ու առկա ներուժը:
Ընդգծելով տնտեսության տարբեր բնագավառներում տեղեկատվական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման անհրաժեշտությունը, վարչապետն այդ նպատակով կարևորել է նաև Մայքրոսոֆթի արտադրանքի, նրա կողմից առաջարկվող ծառայությունների հնարավորինս ամբողջական ներկայացումը Հայաստանում: Նա ընկերությանն առաջարկել է մասնակցել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀ կառավարության հայտարարած տեղեկատվական տեխնոլոգիաների ամսվա շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին, այդ թվում՝ Digitec 2006 միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի կառավարության ղեկավարն առաջարկել է ստեղծել նաև համատեղ աշխատանքային խումբ՝ մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Մայքրոսոֆթի հնարավոր աջակցության, համագործակցության հարցերը քննարկելու նպատակով: Նա նշել է, որ Հայաստանում այսօր էլ լայնորեն օգտվում են Մայքրոսոֆթի ծրագրային փաթեթներից և ընկերության հետ փոխգործակցության խորացումը կնպաստի նրա նոր ձեռքբերումները, արդյունավետ առաջարկները հայաստանյան շուկայում կիրառելուն:
Ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանը, ողջունելով աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը, նշել է, որ տնտեսության զարգացման համար շատ կարևոր է ՏՏ նպատակները կառավարության նպատակներին ու ծրագրերին համապատասխանեցնելը:
Ընդգծելով Մայքրոսոֆթ ընկերության կողմից Microsoft Windows Vista/ Windows XP/ MS Office ծրագրերի հայալեզու տարբերակների ստեղծման անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ավարտել 2007թ.-ին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նաև մտահոգություն է արտահայտել հայերեն տերմինների թարգմանության հարցի առնչությամբ, քանի որ, ըստ նրա, համակարգչային տերմինների մեծ մասը հայերենում չունի համարժեքը: Ըստ վարչապետի, ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Մայքրոսոֆթն ինտերնետում հասանելի կդարձնի այդ տերմինները և հնարավորություն կտա հասարակության տարբեր շերտերին արտահայտելու իրենց կարծիքը դրանց թարգմանաբար օգտագործելիության վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան իրազեկման միջոցառումներ կանցկացնի այդ քննարկմանը հասարակության հնարավորինս լայն շերտեր ներգրավելու համար:
Ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանը մեծ պատիվ է համարել, իբրև հայ, օգտակար լինել Հայաստանին, իր ներկայացրած ընկերության հնարավորություններն առաջարկել մեր երկրի տնտեսության զարգացման գործում: Նա գոհունակությամբ է խոսել ՏՏ ոլորտի հայ բարձրակարգ մասնագետների մասին, ընդգծելով, որ մտավոր պոտենցիալը հնարավորություն է տալիս իրագործելու նորարարության վրա հիմնված Մայքրոսոֆթի գաղափարախոսությունը: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանության, մասնավորապես, Մայքրոսոֆթի ծրագրային ոչ լիցենզիոն փաթեթների օգտագործման, Հայաստանի կրթական ծրագրերի իրականացման գործընթացում Մայքրոսոֆթի մասնակցության, էլեկտրոնային կառավարության գաղափարի իրագործման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: