երեքշաբթի, 3 հուլիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների նախագահներին: Վարչապետը նախ շնորհավորեց այդ ծանր ու պատասխանատու աշխատանքն ստանձնելու կապակցությամբ և վստահեցրեց, որ հանձնաժողովի նախագահները, հարկ եղած դեպքում, կստանան անհրաժեշտ աջակցություն և պաշտպանված կլինեն ցանկացած ճնշումներից: Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին խստորեն զգուշացվել է զերծ մնալ միջնորդություններից և հանձնաժողովների անդամների վրա ճնշումներ բանեցնելուց, հակառակ դեպքում՝ անմիջապես կպատժվեն, ընդհուպ մինչև աշխատանքից ազատում:
Վարչապետն ընդգծել է քննությունների ընթացքն ամբողջությամբ հրապարակային, վերահսկելի անցկացնելու, այդ գործընթացում դիմորդների ծնողներին, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներգրավելու անհրաժեշտությունը:
Միանգամայն հասկանալի ու բնական համարելով առաջիկա մեկ-երկու ամիսներին քնությունների նկատմամբ հասարակական անընդհատ ուշադրությունը՝ Անդրանիկ Մարգարյանը հանձնաժողովների նախագահներից պահանջել է բարձր պատասխանատվությամբ վերաբերել իրենց աշխատանքին, նկատի առնելով, որ դրանով է պայմանավորվում գործընթացի նկատմամբ հասարակության վերաբերմունքը, գնահատականը, ինչը ոչ միայն հանձնաժողովի, նաև տվյալ ԲՈՒՀ-ի, կրթության և գիտության նախարարության, կառավարության և վերջին հաշվով, պետության հեղինակության խնդիրն է: Ըստ վարչապետի, մի փոքր միջադեպն անգամ կարող է ստվեր գցել ամբողջ աշխատանքի վրա:
Անդրանիկ Մարգարյանը խոստացավ քննությունների ավարտին կրկին հանդիպել հանձնաժողովների նախագահներին՝ արդյունքներն ամփոփելու և անհրաժեշտ եզրակացություն անելու համար:
Ընդունելության քննությունների կենտրոնական հանձնաժողովի նախագահ, կրթության և գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին հանդիպման նախաձեռնության և հարկ եղած դեպքում, սատարելու պատրաստակամության համար, այնուհետև ներկայացրեց հանձնաժողովների նախագահներին՝ նշելով, որ ձևավորված 20 հանձնաժողովներից 12-ի նախագահներն այս տարի փոխվել են, մյուսները, ինչպես անցյալ տարի, այս ընդունելության քննություններին էլ կշարունակեն իրենց վստահված ծանր և պատասխանատու աշխատանքը պատվով կատարել: Նախարարի բնորոշմամբ, հանձնաժողովների բոլոր նախագահներն էլ ճանաչված, հարգված և որակյալ մասնագետներ են, ինչը հույս է ներշնչում, որ քննությունները կանցկացվեն բարձր մակարդակով և անաչառ: