չորեքշաբթի, 4 հուլիսի 2001
Հուլիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկեց 2001-2002 թվականների ընթացքում իրականացվող 3 երկարաժամկետ բարեգործական ծրագիր:
«Նապատ» քրիստոնյա բարերարների միությունը» հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել 2001-2002 թվականներին իրականացվող «Վասն հայրենյաց և ժողովրդին հայոց» ծրագիրը, որը ներառում է կրթամշակութային, շինարարական, առողջապահական և սոցիալական ոլորտները:
«Սակուրա» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցներով Խարբերդի և Գյումրու մանկատների հաշմանդամ երեխաների համար կպատրաստվեն օրթեզներ, որոնք կնպաստեն հաշմանդամ երեխաներին հասարակության մեջ ինտեգրացմանը:
«ՔԵԸՐ-միջազգային» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կշարունակի Շիրակի մարզի Ախուրյան, Ազատան, Հացիկ, Բենիամին և Կառնուտ գյուղերում իրականացնել գյուղատնտեսական ծրագրեր, որոնց շրջանակներում շուրջ 480 ընտանիքների կտրամադրվի նաև պարարտանյութեր և թունաքիմիկատներ:
Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայակական մասնաճյուղի ֆինանսավորմամբ իրականացվող Երևանի N 43 և Գավառի N 1 միջնակարգ դպրոցներում համակարգչային դասարանների ստեղծման և ինտերնետային կապի տրամադրման ծրագրերը:
Նիստում տեղեկատվություն տրվեց 2001 թվականի հունիսի 30-ի Միացյալ հայկական հիմնադրամի 113րդ չվերթով ստացված մարդասիրական բեռների մասին: Շուրջ 30 կազմակերպությունների հասցեով ստացվել է մոտ 1,8 մլն ԱՄՆ դոլար արժեքով դեղորայք, բուժսարքավորումներ, գրականություն և այլ բեռներ:
Բարեգործական ծրագրերի հաստատման հետ մեկտեղ հանձնաժողովը սահմանեց նաև դրանց շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների շրջանակը:
Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր: