երկուշաբթի, 22 մայիսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե՝ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, ՀՀ կառավարության և արտաքին գործերի նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:
Խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր, կստորագրվեն մինչև նիստը ԱՊՀ տնտեսական, արտաքին գործերի նախարարների և համապատասխան այլ խորհուրդների կողմից նախապատրաստված ու փոխհամաձայնեցված մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր: Մասնավորապես, նախատեսվում է քննարկել և որոշումներ ընդունել ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման պայմանագրի, Համագործակցության պետությունների օդերևութաբանության միջպետական խորհրդի գործունեության մասին հաշվետվության, մի շարք ֆինանսական ու կազմակերպչական հարցերի վերաբերյալ:
Նախատեսվում է, որ նիստում կստորագրվեն նաև ԱՊՀ անդամ պետություններում 2010թ. բնակչության մարդահամարի անցկացման նախագծի, ԱՊՀ երկրների մեծահասակների կրթության զարգացման, ազգային տվյալների բազայի ձևավորման հայեցակարգի և մտավոր սեփականության բնագավառում և իրավախախտումների կանխարգելման ու խափանման վերաբերյալ տեղեկատվության միջպետական փոխանակման կազմակերպման, Համագործակցության պետություններում 2006-2010թթ. ժամանակահատվածում պատերազմներից, տեղական հակամարտություններից, խաղաղարար գործողություններից և ահաբեկչությունից տուժածների կյանքի որակի բարելավման և աշխատունակության կորստի կանխարգելման սոցիալական ու բժշկական հիմքերի զարգացման հայեցակարգի, մինչև 2010թ. մշակութային բնագավառում ԱՊՀ երկրների համագործակցության հիմնական միջոցառումների ծրագրի և այլ հարցերի վերաբերյալ որոշումները: