ուրբաթ, 6 հուլիսի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Գործադրի որոշմամբ ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային կոմիտե, որը կիրականացնի պետական եկամուտների նախարարության համապատասխան ստորաբաժանման գործառույթները: Պետեկամուտների նախարարությանը հանձնարարվեց 10-օրյա ժամկետում ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել մաքսային կոմիտեի կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը, ինչպես նաև պետական եկամուտների նախարարության կանոնադրությունում և կառուցվածքում փոփոխությունների առաջարկներ:
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ «Ոռոգում» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին սոցիալական վճարումների կատարման արտոնություն սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վերջինով նախատեսվում է հիշյալ ընկերություններին ազատել 2001 թ. ապրիլի 1-ի դրությամբ սոցիալական ապահովության վճարների գծով հաշվարկված և չվճարված տույժերից ու տուգանքներից, իսկ նույն օրվա դրությամբ սոցապ վճարների գծով ունեցած չվճարված հաշվարկային պարտքերը հետաձգել մինչև 2006 թվականը՝ մարումը նախատեսելով 2006-2009 թթ.՝ ըստ տարիների հավասարաչափ կտրվածքով:
Մեկ այլ որոշմամբ, «Գյուղատնտեսական մթերքի առանձին տեսակների արտահանման ծավալների ավելացման միջոցառումների մասին» 2000 թ. հուլիսի 27-ի որոշման մեջ սահմանված ժամկետները փոփոխվեցին՝ 2001 թ. հուլիսի 1-ից մինչև 2002 թ. մարտի 15-ը, ինչը թույլ կտա գյուղմթերքների արտահանումն այս տարի ևս կազմակերպել հեշտացված եղանակով:
Կառավարությունը հաստատեց «ՀՀ ընդերքի պահպանության և օգտագործման բարելավման ոլորտում առաջնահերթ միջոցառումների ծրագիրը»: Փաստաթղթում ներառված են ոլորտում առկա վիճակի ուսումնասիրությանը և վերլուծյանն ուղղված ավելի քան երկու տասնյակ միջոցառում, նշված են դրանց կատարման ժամկետներն ու պատասխանատուները:
Գործադիրը հավանություն տվեց «Քաղաքացիական ապաստանի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կարգավորվում է ՀՀ-ում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու հիմքերը, կարգը, դիմումի մերժման, տրված իրավունքի դադարեցման պայմանները, դրանց հետ առնչվող այլ հարաբերություններ:
Նիստում հաստատվեց փախստականի կարագավիճակ տալու ընթացակարգը: Վերջինով սահմանվում է, որ ՀՀ տարածք մուտք գործած անձը, եթե մտադիր է հայցել փախստականի կարգավիճակ, ապա այդ մասին 10-օրյա ժամկետում պետք է գրավոր դիմում է ներկայացնի վարչություն: Վերջինս որոշում է ընդունում փախստականի կարգավիճակ հայցողին այդպիսի կարգավիճակ տալու կամ մերժելու վերաբերյալ, որի մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է նրան: Փախստականի կարգավիճակ տալու մասին որոշումը կայացվում է վարչության պետի կողմից ոչ ուշ, քան դիմումը գրանցելուց հետո մեկամսյա, իսկ լրացուցիչ ուսումնասիրության պահանջի դեպքում՝ երեքամսյա ժամկետում:
Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը համաձայնություն տվեց մի շարք հանրակացարաններ որպես բնակելի տարածություն սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու՝ Երևանի քաղաքապետի առաջարկություններին:
Շիրակի մարզկենտրոնի բնակչության սոցիալական սպասարկման արդյունավետության բարձրացման և այն ավելի մատչելի դարձնելու նպատակով, նիստում որոշում ընդունվեց սոցիալական ծառայությունների Գյումրիի տարածքային կենտրոնը վերակազմակերպել երկու կենտրոնների:
Այլ որոշումներով գործադիրը հաստատեց ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպման և անցկացման կարգը, իրացման ժամանակ ավելացված արժեքի հարկից ազատվող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ցանկը, ինչպես նաև ՀՀ միջին մասնագիտական կրթության 2001 թ. ընդունելության անվճար ուսուցման տեղերը: Վերջինով հաստատված ընդհանուր տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների, կազմում է 2018:
Նիստում ընդունվեց ՀՀ տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովելու միջոցառումների մասին որոշում: Իրականացվելիք միջոցառումներում, մասնավորապես, նախատեսվում է գործող ռադիոռելեային կայաններում տեղադրել 50-1000 Վտ հզորության 17 ռադիոհաղորդակ, իսկ ընդհանուր ծրագիրը կատարել 3 փուլով՝ այն ավարտելով 2004 թվականին:
ՌԴ Սախա (Յակուտիա) Հանրապետության՝ գարնանային հեղեղումներից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշեց իր պահուստային ֆոնդից արտակարգ իրավիճակների վարչությանը հատկացնել 10 մլն դրամ: