երեքշաբթի, 23 մայիսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանին, նշելով, որ մշակույթի բնագավառում տիկին Պողոսյանը նոր մարդ չէ, նախկին աշխատանքի բերումով՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական միությունում, նա առիթ ունեցել է սերտորեն համագործակցելու նախարարության հետ, տեղյակ է ոլորտի խնդիրներին: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նա շատ արագ կտիրապետի աշխատանքին և նախարարության աշխատակազմի հետ միասին, կկարողանա իր ղեկավարած ոլորտում պատշաճ և ժամանակին կատարել կառավարության կողմից նախարարության առջև դրված խնդիրներն ու իրագործել ոլորտի քաղաքականությանը: Վարչապետն ընդգծել է, որ նորանշանակ նախարարը կուսակցական չէ, բայց քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, նրա թեկնածությունն առաջադրել է Միավորված աշխատանքային կուսակցությունը՝ նկատի առնելով մասնագիտական կարողությունները, այլ ոչ թե քաղաքական կողմնորոշումները:
Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ մշակույթի ոլորտը չքաղաքականացնելու միտումը դրական է և այն պահպանվելու է: Նախարարությունում, ըստ կառավարության ղեկավարի, նախկին նախարարի օրոք բավականին նպաստավոր աշխատանքային մթնոլորտ էր ստեղծվել և այդ առումով, արմատական փոփոխություններ չեն լինի, սակայն բուն մշակույթի բնագավառում՝ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա: Այդ հարցում, վարչապետի հավաստմամբ, նախկին նախարար Գևորգ Գևորգյանն իր համախոհն էր և պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում այս ուղղությամբ սկսել էր ակտիվ աշխատանք իրականացնել, հստակ դիրքորոշումներ և խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումներ ուներ:
Անդրանիկ Մարգարյանն ափսոսանք է հայտնել, որ քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով, Գևորգյանն այդ պաշտոնում չի կարող շարունակել գործունեությունը, սակայն նրա կարողությունները, ըստ վարչապետի, անհրաժեշտ է օգտագործել և հույս է հայտնել, որ դրա համար հնարավորություններ կգտնվեն: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարարին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, իսկ նորանշանակ նախարարին՝ մաղթել հաջողություններ:
Նախկին և ներկա նախարարները ևս վստահեցրել են, որ իբրև մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ, սրտացավորեն ու առկա վիճակով մտահոգ, այսուհետ ևս թե ի պաշտոնե, թե դրանից դուրս, կփորձեն հնարավորությունների սահմաններում օգտակար լինել ոլորտի խնդիրների լուծմանը: