ուրբաթ, 26 մայիսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Մոսկվայի և ՀՀ կառավարությունների միջև համագործակցության աշխատանքային հանձնաժողովի համանախագահ, Մոսկվայի կենտրոնական վարչական օկրուգի ղեկավար Սերգեյ Բայդակովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պարոն Բայդակովին և մոսկովյան պատվիրակության անդամներին, վարչապետը գոհունակություն է հայտնել Մոսկվայի և Հայաստանի կառավարությունների միջև համագործակցության աշխատանքային հանձնաժողովի երկրորդ նիստի արդյունքներից, որի ընթացքում քննարկվել են տնտեսության և առևտրի, կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հարցեր, որոնց լուծումը, ըստ նրա, անկասկած կնպաստի հայ-ռուսական փոխգործակցության հետագա զարգացմանը:
Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը ՀՀ կառավարության ղեկավարին հանգամանորեն ներկայացրել է նիստի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:
Սերգեյ Բայդակովն իր հերթին ընդգծել է, որ հանձնաժողովի նիստն անցել է կառուցողական և գործնական մթնոլորտում, լիակատար փոխըմբռնման պայմաններում և շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համատեղ հանձնաժողովի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Անդրանիկ Մարգարյանը և Սերգեյ Բայդակովը համակարծիք են եղել այն հարցում, որ հանձնաժողովի առաջին նիստի որոշումների հաջող կատարումը, հնարավորություն է ընձեռում նոր նախագծերի ծրագրավորման և իրականացման համար, որոնք անհրաժեշտ է դիտել Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմակողմանի հարաբերությունների հետևողական ընդլայնման ու խորացման համատեքստում: Վարչապետն ընդգծել է նաև Ռուսաստանում Հայաստանի տարվա կարևոր նշանակությունը երկու երկրների ժողովուրդների հոգևոր-մշակութային ավանդական կապերի առավել ամրապնդման համար, որը հնարավորություն է ստեղծում ակտիվացնել փոխադարձ կապերն ու շփումները, Ռուսաստանում ավելի առարկայական ներկայացնել Հայաստանի՝ տարբեր ոլորտներում ունեցած նվաճումներն ու առկա հնարավորությունները:
Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել Սերգեյ Բայդակովին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների ու ժողովուրդների համար փոխշահավետ համագործակցությանն ուղղված նրանց գործունեության մեջ: