ուրբաթ, 26 մայիսի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Սոսու պուրակ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2007-2009թթ. ծրագրին, որը մշակվել է արգելավայրի, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգի և դրա բաղադրիչների պահպանության, բնական և արհեստական վերարտադրության և օգտագործման ապահովման նպատակով: Ծրագիրը բխում է նաև ՀՀ բնապահպանական ռազմավարության քաղաքականությունից, որը 2002թ. դեկտեմբերի 26-ի «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի մասին» N 54 որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:
Նիստում հավանություն է տրվել նաև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Կառավարության արձանագրային որոշումներից մեկն էլ վերաբերել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որի համաձայն սահմանվում է, որ բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարից:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա խախտված հողերի դասակարգման» տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից 6 ամիս հետո:
Նիստում գործադիրը հաստատել է հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը ևս: Որոշումն ընդունվել է «Ստանդարտացման մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման խնդիրները: Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 3 ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով հաստատել հայկական կոնյակների համտեսային հանձնաժողովի գործունեության կարգը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարին՝ 5 ամսվա ընթացքում հաստատել պարենային հումքում և սննդամթերքում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկան: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից 6 ամիս հետո:
Կառավարությունը հաստատել է ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը, ինչպես նաև նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Նշվել է, որ հայեցակարգում կառավարությունը ներկայացնում է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ռազմավարությունը, որը, մասնավորապես, ներառում է նոր կենսաթոշակային համակարգի նկարագիրը՝ կատարվելիք սոցիալական վճարների, սպասվող կենսաթոշակների մակարդակի հաշվարկներով և դրանց վճարման ու ստացման եղանակներով: Հայեցակարգը ներկայցնում է նաև կենսաթոշակային համակարգի բարեփոխման հետ կապված հետագա քայլերը: Որոշվել է հանձնարարել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և առաջարկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահին՝ մեկ ամսվա ընթացքում համատեղ ներկայացնել հայեցակարգն ամրագրող համապատասխան ՀՀ օրենքի նախագիծ: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 28-ի «ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները հաստատելու մասին» որոշումը: Երկու օր ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին՝ նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում ՀՀ վարչապետի մոտ՝ հրավիրել խորհրդակցություն:
Կառավարությունը հաստատել է նաև ՀՀ 2006թ. պետական բյուջեում ընդգրկված՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող «Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերի բարելավում հակահեղեղային միջոցառումների իրականացման միջոցով» ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը: Նշված ծրագրով նախատեսված ծախսերի հաշվին 2006 թվականին կիրականացվեն Հրազդան գետի հունի մաքրման և հողաթմբերի ամրացման համապատասխան նշակետից մինչև Երևան քաղաքի վարչական սահմանն ընկած հատվածում միջոցառումներ և Արարատյան հարթավայրի Սայաթ-Նովա համայնքի հողերի մելիորացիայ միջոցառումները:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ պետական բյուջեից գումար հատկացնելու վերաբերյալ որոշմամբ կառավարությունը ՀՀ 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 105 մլն դրամ է հատկացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտին ՀՀ 2002-2003թթ. անդամավճարի գծով 250 հազար ԱՄՆ դոլարի չափով առաջացած պարտավորությունն ամողջապես մարած «VEYA investment Limited» ընկերությանը տրամադրելու համար, 33 մլն դրամ ՀՀ վճռաբեկ դատարանին՝ ՀՀ դատարանների դատական գործերի արխիվացման հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով, 150 մլն դրամ ՀՀ Կոտայքի մարզպետարանին՝ Ծաղկաձոր քաղաքի ճանապարհների վերակառուցման և վերանորոգման նպատակով Ծաղկաձորի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար: Եվս 29 մլն 400 հազար դրամ է հատկացվել Արագածոտնի մարզպետարանին՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրին ՀՀ համայնքների կողմից 10 տոկոս համաֆինանսավորումն ապահովելու նպատակով, այդ թվում՝ 6 մլն 930 հազար, 4 մլն 620 հազար, 2 մլն 100 հազար, 2 մլն 730 հազար և 420 հազար դրամ՝ համապատասխանաբար Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ և Իրինդ գյուղերի գազաֆիկացման, ինչպես նաև 12 մլն 600 հազար դրամ Աշնակ գյուղի ջրամատակարարման վերականգնման աշխատանքների իրականացման համար:
«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդից 18 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ ՀՀ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է ևս 81 մլն 370 հազար դրամ, որից 15 մլն 500 հազար դրամ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շենքի, 65 մլն 870 հազար դրամ՝ ՀՀ կառավարության 2 և 2ա մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար:
«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել նաև՝ «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության և ՀՀ կառավարության միջև 2005թ. կնքված ծրագրային ֆինանսական օգնության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի համաձայն նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին միջոցառումների և օբյեկտների իրականացնելու նպատակով: Որոշմամբ նախատեսված առանձին միջոցառումների գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահվել են ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարաններին:
ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը, կառավարությունը որոշել է թույատրել Երևանի քաղաքապետին՝ Արգենտինայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության շենքի կառուցման նպատակով, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքից 0.3 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:
Մեկ այլ որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. մարտի 27-ի «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ին և «Ֆրանկ Մյուլլեր Արմենիա» ՓԲԸ-ին առանց մրցույթի, վարձակալությամբ հողամասեր տրամադրելու մասին» N 503-Ա որոշման մեջ: Դրանցով նախատեսվում է որոշման մեջ նշված հողի գործառնական նշանակությունը «բնակելի-դիվանագիտականի» փոխարեն սահմանել «հասարակական և բնակելի կառուցապատում» իրականացմամբ: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին՝ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող գնման նախապատվության իրավունքով վարձակալությամբ տրամադրված և պետական գրանցում ստացած 3.0 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ին: Հանձնարարվել է նաև առուվաճառքի պայմանագրով սահմանել, որ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո, նշված ՍՊԸ-ն պարտավորվում է 18 ամսվա ընթացքում սկսել հասարակական և բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները, ինչպես նաև մինչև շինարարական աշխատանքների ավարտը, հողամասն այլ անձանց չօտարել:
Գործադիրը փոփոխություն է կատարել նաև ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 3-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1788-Ն որոշման մեջ, որը նպատակ ունի Երևանի քաղաքապետին ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով վերապահված տարածքային կառավարման քաղաքականության առավել արդյունավետ իրականացմանը նպաստելու:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, ՀՀ կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 256-Ն որոշման մեջ՝ դրանում նշված արտոնությունների կիրառման կանոնակարգումը հստակեցնելու նպատակով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին աջակցություն ցույց տալու նպատակով, կառավարությունը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ ապահովել նախարարության ենթակայության «Որոտանի հիդրոէլեկտրակայնների համալիր» ՓԲԸ-ի օգուտների հաշվին 2006թ. ընթացքում 950 մլն դրամ գումարի չափով ֆինանսական օգնության տրամադրումը «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ վերջինիս կողմից Ծաղկաձորի ճոպանուղու 4-րդ հերթի կառուցման աշխատանքները ֆինանսավորելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է թույլատրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին «Համայնքային զարգացման» վարկային ծրագրի շրջանակներում գնված գույքը (գրասենյակային կահույք և համակարգչային տեխնիկա) նվիրաբերել Երևան քաղաքի համապատասխան համատիրություններին:
Նիստում գործադիրը որոշում է ընդունել ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 9-ի N 146-Ն և N 325-Ն որոշումների կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ: Սահմանվել է, որ «Ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 18-ի N 341 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 146-Ն որոշմամբ նախատեսված փոխհատուցման գումարները ենթակա են վճարման ՀՀ 2006թ. պետական բյուջեի «Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցում» ծրագրով նախատեսված միջոցների, իսկ «Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 325-Ն որոշմամբ փոխհատուցման գումարները՝ «Միանվագ սոցիալական ապահովագրության վճարներ ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը Սարգիս Ղազարյանին ազատել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Այլ որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև «Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչություն հիմնելու մասին» համաձայնագրի, «1998թ. սեպտեմբերի 11-ի «Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության, ինչպես նաև «ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» պայմանագրի կնքման առաջարկություններին:
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքին և ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը», «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների» ցանկը, ինչպես նաև թերապևտիկ բնույթի, հոգեկան, հոգեակտիվ նյութերից (թմրամիջոցներ, ալկոհոլ, տոքսիկ և այլ նյութեր) կախվածություն և հակում ունեցող, մաշկային հիվանդություններով և սեռավարակներով, ինչպես նաև աղիքային վարակիչ հիվանդություններով տառապող հիվանդների նկատմամբ դինամիկ հսկողության ժամանակացույցերը:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին՝ օրենքի որոշ դրույթների առավել հստակեցման նպատակով:
«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն, նիստում որոշվել է հիմնադրել «Գիրք» հիմնադրամ, հաստատվել են դրա կանոնադրությունն ու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի գլխավորությամբ: Հիմնադրամի նպատակը գրական ժառանգության պահպանման, տարածման ու գրավոր մշակույթի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, բնակչության տեղեկատվության ապահովումը և գրողների, հրատարակիչների, պոլիգրաֆիստների սոցիալական պաշտպանության իրականացումն է:
«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 9 մլն 220 հազար դրամ է հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի վթարված կոյուղու ցանցի նախագծման և կառուցման նպատակով:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի «6 ԿՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 739-Ն որոշման մեջ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի ընդունմամբ:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը պայմանավորված է օրենքի որոշ հոդվածների բովանդակության մեջ շտկումներ մտցնելու և հստակեցման անհրաժեշտությամբ:
Փոփոխություն և լրացում կատարելով ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 19-ի «ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի փրկարար ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու վերաբերյալ» N 634-Ն որոշման մեջ, գործադիրը որոշել է նշված ծառայության աշխատակազմի միջազգային համագործակցության բաժինը վերափոխել համանուն վարչության՝ դրա առավել արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով:
Նիստում փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի «Մշակույթի կենտրոն» և «Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ներին սեփականության իրավունքով պատկանող և ամրացված գույքն օտարելու մասին» N 1321-Ն որոշման մեջ: Դրա համաձայն, Երևանի մարզամշակութային համալիրի վերակառուցումից հետո 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության հայտով հանրապետական նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման անվճար կազմակերպման գնորդի պարտավորությունից հանվել է «վերակառուցումից հետո» պայմանը: Որոշումն ընդունվել է՝ նկատի ունենալով, որ վերակառուցումը նախատեսվում է իրականացնել 3 տարվա ընթացքում, իսկ ՀՀ կառավարությունը ներկայումս նախապատրաստում է մի շարք համապետական նշանակության, ՀՀ մշակութային կյանքի բնականոն զարգացմանը նպաստող միջոցառումներ, որոնց կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ է օգտագործել մարզահամերգային համալիրի դահլիճը:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը:
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Իջևանի նավթամթերք» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը՝ ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն պակասեցման ձևով, առանց բաժնետիրոջը՝ Հայաստանի Հանրապետությանը որևէ հատուցման, սահմանելով այն 66 մլն 114 հազար դրամ: Որոշվել է նաև ընկերության բաժնետոմսերը՝ հիշյալ գնահատված արժեքով, մասնավորեցնել դասական աճուրդով, այն վերակազմակերպելով բաց բաժնետիրական ընկերության: Նույն որոշմամբ թույլատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ իր տնօրինության Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի համայնքի տարածքում գտնվող նախկին կենտրոնական կաթսայատնից դուրս եկող մոտ 1300 մ երկարությամբ, շուկայական մեթոդով 8 մլն 280 հազար դրամ գնահատված արժեք ունեցող գույքն օտարել հոլանդական աճուրդով:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվել է նաև «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» ՊՈԱԿ-ի՝ Շիրակի մարզային գործակալության Արթիկ քաղաքի Բաղրամյան N 4 հասցեում գտնվող շենքի 257.9 քմ ըդհանուր մակերեսով առաջին հարկն ամբողջությամբ հետ վերցնել և ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005թ. ապրիլի 15-ին ստորագրված և 2005թ. հունիսի 8-ին վավերացված Զարգացման վարկային համաձայնագիրը, կառավարությունը որոշել է «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկը վերանվանել «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկ: Որոշումն ընդունվել է՝ նկատի ունենալով, որ հիշյալ հիմնարկը իրականացնելու է տվյալ ծրագրի ոչ թե ղեկավարում, այլ մոնիտորինգ, ներկայումս իրականացնում է նաև Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի 2003թ. մարտի 27-ի դրամաշնորհային համաձայնագրով տրամադրված «Համատիրությունների վրա հիմնված քաղաքային ջրամատակարարման կառավարման» ծրագիրը և սահմանված կարգով կարող է իրականացնել այլ ծրագրեր ևս:
ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, գործադիրը հաստատել է ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ֆինանսավորումն ապահովելու կանոնակարգը: Որոշումն ընդունվել է նաև ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 8-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը հաստատելու մասին» N 686-Ն որոշման պահանջների կատարումը, ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս՝ մարզական հաջողությունների հասած մարզիկներին և մարզիչներին խրախուսելու նպատակով մարզական կոչումներ սահմանելու նպատակով:
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ Կոտայքի մարզի Ալափարսի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը: Այդ կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 4-ի «Կոտայքի մարզի Ալափարսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց, սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1676-Ն որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի երկրորդ հատվածի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, ինչպես նաև փոփոխություններ է կատարել մի շարք հողերի կատեգորիաների սահմանման մեջ:
Նիստում որոշումներ են ընդունվել ՀՀ Արմավիր մարզի Փարաքարի, Վայոց Ձորի մարզի Գողթանիկի, Գոմքի, Կոտայքի մարզի Ձորաղբյուրի և Սյունիքի մարզի Սառնակունքի հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ:
Որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Տավուշի մարզի Բերդի քաղաքային, Լճկաձորի, Սևքարի, Այգեհովիտի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և նշված գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ: