ուրբաթ, 26 մայիսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Հանրապետության տոնի առթիվ: Ութսունութ տարի առաջ մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը տրամաբանական շարունակությունն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած, հիրավի, հերոսական պայքարի: Բախտորոշ այդ իրադարձությունը հնարավորություն տվեց դարերի ընդմիջումից հետո վերականգնելու հայոց անկախ պետականությունը, որը պատմական մեծագույն իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում և եկավ ավելի ամրապնդելու հայոց ոգին, հավատ ներշնչելու սեփական ուժերի նկատմամբ: Այդ հաղթանակը ձեռք բերվեց նախ և առաջ ժողովրդի բացառիկ համախմբվածության, համազգային նպատակների շուրջ միասնության և նվիրումի շնորհիվ:
Վստահ եմ, որ այսօր դասեր քաղելով պատմությունից, կկարողանանք ոչ միայն պահպանել, այլև զարգացնել սերունդների պայքարով ձեռք բերածը, դիմագրավել անկախությանը սպառնացող նոր մարտահրավերներին, զորացնել ու շենացնել մեր պետությունը, որի հոբելյանական՝ 15-րդ տարեդարձն այս տարի տոնելու ենք ազգովի:
Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղ երկինք, աներեր հավատ մեր պետության ապագայի նկատմամբ: