երեքշաբթի, 30 մայիսի 2006
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՀԲ-ի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դ.Դոուսեթ-Կոիրոլոյին և ՀԲ-ի Երևանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնին:
Քննարկվել են ՀԲ-ի հետ ՀՀ կառավարության համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն է հայտնվել համատեղ ծրագրերի իրագործման ընթացքից և արդյունքներից: Անդրադարձ է արվել մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործմանը, ինչպես նաև դեռևս առկա խնդիրներին ու առաջիկա անելիքներին:
Տիկին Դ.Դոուսեթ-Կոիրոլոն ուրախությամբ է նշել, որ իր յուրաքանչյուր այցից հետո նկատում է Հայաստանի տնտեսության մեջ դրական տեղաշարժեր, որոնք ակնառու են հատկապես մայրաքաղաքում: Ներկայում, ըստ նրա, խնդիր կա հստակեցնելու, թե այդ զարգացման վրա ինչպես են կառուցվելու հետագա քայլերը:
ՀԲ տարածաշրջանային տնօրենը տեղեկացրել է, որ բանկի կողմից իրականացվող վարկանիշային սանդղակում, որը վերաբերում է և բանկի ծրագրերի իրագործմանը, և գործարար ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին, Հայաստանն ամենաբարձր տեղն է զբաղեցնում: Ըստ տիկին Դ. Դոուսեթ-Կոիրոլոյի, դա չի նշանակում, թե խնդիրներ չկան և պետք է բավարարվել ձեռքբերումներով: Նա ընդգծել է, որ պարբերաբար իրականացվող ռեյտինգավորման այդ տվյալներն այսուհետ լինելու են հրապարակային՝ հանրությանը ևս հասու դարձնելով կիրառվող չափորոշիչներին ու, ըստ այդմ, արձանագրվող արդյունքներին:
ՀԲ-ի ներկայացուցիչը տեղեկացրել նաև, որ առաջիկայում կավարտվի ՀԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար պարոն Ռոջեր Ռոբինսոնի պաշտոնավարման ժամկետը, և չնայած բանկում դեռևս չեն որոշել, թե ով է լինելու նրան փոխարինողը, սակայն հույս է հայտնել, որ գրասենյակի նոր ղեկավարը նույնպիսի արդյունավետությամբ կշարունակի համատեղ ծրագրերի ուղղությամբ աշխատանքը: