ուրբաթ, 2 հունիսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին:
Քննարկվել են ՀՀ կառավարության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Վլ. Պրյախինը գոհունակությամբ է խոսել մի շարք ոլորտներում փոխգործակցության մասին, վկայակոչելով, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարության հետ ԵԱՀԿ-ի «Հրթիռային վառելիքի կոմպոնենտային պաշարների մելանժի ոչնչացման» ծրագիրը, որի շրջանականերում հնարավորություն ստեղծվեց վնասազերծել տասնյակ տարիների ընթացքում կուտակված շուրջ 872 տոննա հրթիռային հեղուկ վառելիքի թափոնները՝ դրանք տեխնոլոգիական վերամշակման միջոցով կիրառելի դարձնելով գյուղատանտեսական նպատակների համար: ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշել է նաև բնապահպանության, թրաֆիքինգի դեմ պայքարում, հակակոռուպցիոն ծրագրի իրագործման, ՀՀ ոստիկանության բարեփոխումների իրականացման ուղղությամբ և մի շարք այլ ոլորտներում ՀՀ կառավարության հետ համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են ընթացիկ որոշակի ծրագրերի իրագործմանը, ձեռք բերված արդյունքներին, նաև դեռևս առկա խնդիրներին ու դրանց լուծման հարցում ԵԱՀԿ հնարավոր աջակցությանը: