Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 հուլիսի 2001

Երկար ճանապարհի սկիզբ Մեկնարկեց Հայաստանին նվիրված փարիզյան խորհրդատվական հանդիպումը Հանդիպմանը մասնակցում են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, շուրջ երեք տասնյակ դոնոր երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը բացեց Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ'Քոնորը: Հայաստանի համար կարևորելով այդ հանդիպման նշանակությունը, նա ընդհանուր գծերով դոնոր երկրներին ներկայացրեց Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը և վերջին մեկ-երկու տարիներին տարբեր ոլորտների բարեփոխման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Վերջին շրջանում ՀՀ-ի տնտեսական ցուցանիշները համարելով տպավորիչ, Ջ. Օ'Քոնորը ընդծգեց, որ ժամանակն է շարունակելու գործընթացը և ստեղծված նախադրյալներից օգտվելով փորձելու առաջ շարժվել: Ջ. Օ'Քոնորի բացման խոսքից հետո Հայաստանի տնտեսական գերակայություններն ու ՀՀ կառավարության Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը ներկայացրեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին՝ հանդիպման նախաձեռնության և բոլոր մասնակիցներին ու նրանց կառավարություններին՝ նման ներկայացուցչություն ապահովելու համար, ՀՀ վարչապետը համոզմունք հայտնեց, որ երկօրյա քննարկումները հնարավորություն կտան բացահայտելու Հայաստանի տնտեսության ու սոցիալական վիճակի հետ կապված իրական զարգացումների, այդ ասպարեզում համաշխարհային հանրության հետ առավել արդյունավետ համագործակցություն ծավալելու հնարավորությունները: Անդրանիկ Մարգարյանը հանգամանորեն ներկայացրեց հանրապետությունում շուկայական հարաբերություններին անցման նախապայմանները, իրականացվող բարեփոխումներին ուղեկցող դժվարությունները, խոչընդոտները, դրանց հաղթահարմանն ուղղված կառավարության ձեռնարկած քայլերը: Մասնավորապես նշվեց, որ տնտեսական ակտիվության ու իրական աշխատավարձերի անկումը, գործազրկության և տնտեսության ստվերային հատվածի աճը հանգեցրել են սոցիալական ապահովագրության և ապահովության նախկին համակարգերի գրեթե փլուզմանը: Կառավարությունը զգալի դժվարությունների է հանդիպում շուրջ 560 հազար թոշակառուներին կենսաթոշակների վճարման հարցում: Աղքատության կրճատման հիմնական ուղին, ըստ ՀՀ վարչապետի, կառավարությունը համարում է բարձր, կայուն և համապարփակ տնտեսական աճը: «Տնտեսական զարգացման ու աղքատության նվազեցման միջև կապը երկկողմանի է. աքատությունը չի կարող մեղմվել առանց տնտեսական զարգացման, սակայն, նաև տնտեսական զարգացումը չի կարող կայուն լինել՝ հասարակությունում աղքատության խորացման պայմաններում», - ընդգծեց Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, աղքատության նվազեցման համար անհրաժեշտ պայման է նաև պետական կառավարման արդյունավետ համակարգի ներդրումը. հանգամանք, որի բացակայությունը տնտեսական աճի նախորդ ժամանակահատվածում մեծապես պայմանավորել է բնակչության եկամուտների բևեռվածության աճն ու, դրանով հանդերձ, խափանել այդ աճի արդյունքում աղքատության մակարդակի նվազումը: «Աղքատության նվազեցմանը տնտեսական քաղաքականության ուղղորդումը ենթադրում է ոչ միայն բնակչության բարեկեցության բարձրացմանն ուղղված տնտեսական ու կառուցվածքային բարեփոխումների շարունակում, այլև հատկապես այդպիսի բարեփոխումներին զուգահեռ աղքատության մակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշների բարելավմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում», - նշեց ՀՀ վարչապետը: Ըստ նրա, որպես աղքատության հիմնախնդրի լուծման կարևորագույն միջոց կառավարությունն առաջնային է համարում աշխատատեղերի ստեղծումն ու այդ նպատակով նպաստավոր գործարար միջավայրի ապահովումը, ներդրումների խթանումն ու գործարարությանն աջակցումը: Կայուն տնտեսական աճի ապահովման տեսանկյունից կառավարությունն անհրաժեշտ քայլ է համարում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության այս տարի ակնկալվող անդամակցությունը: Իր խոսքում վարչապետն անդրադարձավ Նյու Յորքյան գործարար համաժողովի արդյունքներին, ընկերությունների գրանցման և լիցենզավորման պարզեցված ընթացակարգերի ներդրման, ընկերությունների գործունեության արդյունավետությունն ապահովող սնանկացման մեխանիզմների լիարժեք գործադրման, զբաղվածության խթանման, պետական ընկերությունների հրապարակայնորեն մասնավորեցման ուղղությամբ կառավարության իրականացրած քայլերին: «Մրցակցային և ներդրումների համար նպաստավոր միջավայրի հաստատման տեսանկյունից կառավարությունն առաջնահերթ է համարում ազատ տնտեսական մրցակցության ապահովումն ու այդ նպատակով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումն ու մենաշնորհների դեմ պայքարի գործուն մեխանիզմների սահմանումը», - նշեց Անդրանիկ Մարգարյանը, այս առումով կարևորելով 2000թ. տարեվերջին ԱԺ-ի կողմից փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության մեխանիզմները սահմանող օրենքի ընդունումը, որի հիման վրա յուրաքանչյուր տարի մշակվելու և իրականացվելու է պետական ծրագիր: Նույն ժամանակահատվածում իրականացված հարկային բարեփոխումների շնորհիվ, վարչապետի գնահատմամբ, ՀՀ-ն ներկայումս կարելի է դասել նպաստավոր հարկային համակարգ ունեցող երկրների թվին, ինչը ևս վճռորոշ է ներդրումների խթանման առումով: Վերջինիս կոչված է նպաստելու նաև 2001թ. սկզբին ստեղծված տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որի գործունեությունն ուղղված կլինի ստեղծվող արհեստական տնտեսական մենաշնորհների կանխարգելմանը: Տնտեսական կայուն աճի ապահովման տեսանկյունից Անդրանիկ Մարգարյանը կարևորեց գյուղատնտեսության բնագավառում տնտեսական առաջընթացի ապահովումը: «Գյուղատնտեսության բնագավառում առանձնահատուկ մոտեցումների ցուցաբերման անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է գյուղական բնակավայրերում զբաղվածության այլընտրանքների բացակայությամբ: Գյուղատնտեսական զարգացումը խոչընդոտող հիմնախնդիրների վերացման անհրաժեշտությունից ելնելով, կառավարությունը հետամուտ կլինի ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացմանը, գյուղացիական տնտեսությունների վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը, գյուղտեխնիկայի ու պարարտանյութերի մատչելիության ապահովմանը», - նշեց ՀՀ վարչապետը: Նրա խոսքերով, այս խնդրում, մասնավորապես, կարևոր նշանակություն կունենա Համաշխարհային բանկի հետ ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի իրականացումը: Կառավարության կողմից մշակվել և Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվում է պարենային ապահովության ծրագիր, ինչը բնակչությանը հնարավորություն կտա ունենալ բնականոն և առողջ կենսապայմաններ: Անդրանիկ Մարգարյանն իր ելույթում կարևորեց նաև պետական կառավարման բարելավումը, որի արդյունավետության ապահովումն, ըստ նրա, պահանջում է թափանցիկ և հստակ իրավական դաշտ, դատական ամուր համակարգ, բարձր որակավորում ունեցող ու բարձր վարձատրվող քաղաքացիական ծառայողներ ու դատավորներ: Վարչապետը ներկայացրեց պետական կառավարման համակարգի իրականացվող բարեփոխումների ուղղությունները: Այս ոլորտում առաջնահերթ խնդիրներից նա հատկապես շեշտեց կոռուպցիայի դեմ պայքարը, մասնավորապես, դրան առնչվող միջինժամկետ ռազմավարական ծրագրի մշակումն ու իրականացումը, որի համար կառավարությունը ստեղծել է համապատասխան հանձնաժողով: «Կոռուպցիայի դեմ պայքարի առումով վճռորոշ նշանակություն ունի բարձրաստիճան պետական պաշտոնյաների եկամուտների, գույքի և ծախսերի թափանցիկության ապահովումը, որի կապակցությամբ արդեն իսկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվել է համապատասխան օրենքի նախագիծը: Կառավարությունը հետամուտ է լինելու ընթացիկ տարում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունմանը: Այն մի կողմից կերաշխավորի պետական ծառայողների պաշտոնավարությունը՝ անկախ քաղաքական իշխանության փոփոխությունից, մյուս կողմից՝ կսահմանի մասնագիտական գիտելիքների և փորձի պահանջներ՝ համապատասխան պաշտոն զբաղեցնելու համար», - ասաց Անդրանիկ Մարգարյանը: ՀՀ վարչապետը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց աղքատության նվազեցման ու կայուն մարդկային զարգացման հետ սերտորեն կապված առողջապահության, կրթության և սոցիալական ապահովության ոլորտներում առկա կացությունն ու կառավարության որդեգրած քաղաքականությունը: Մասնավորապես, սոցիալական քաղաքականության անկյունաքարը, Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, կառավարությունը համարում է սոցիալական հիմնախնդիրների լուծումն աշխատատեղերի ստեղծման միջոցով, որտեղ նա կարևորեց աշխատուժի ճկուն շուկայի ձևավորումը: «Կառավարությունը կապահովի գործազրկությունից պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ներդրումը և իր ուշադրությունը կկենտրոնացնի աշխատանք գտնելու հարցում գործազուրկներին օժանդակելու քաղաքականության վրա: Ելնելով առկա մեծածավալ աքատությունից, կառավարությունը կշարունակի առանձնակի ուշադրություն դարձնել սոցիալական օժանդակության ծրագրերին, առաջնայնությունը տալով ընտանեկան նպաստի համակարգի արդյունավետության բարձրացմանը», - նշեց ՀՀ կառավարության ղեկավարը: Նրա խոսքերով, սոցիալական ապահովագրության համակարգի զարգացումն ուղղված է լինելու վարչարարության ու ֆինանսավորման կատարելագործմանը, մասնավորապես՝ անհատական ծածկագրային համակարգի ներդրմամբ, որի միջոցով զգալիորեն կբարելավվի համակարգի նկատմամբ վերահսկողությունը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթում անդրադարձներ եղան նաև առաջիկա տարիներին Աղետի գոտում նախատեսվող ծրագրերին, բնապահպանական հիմնախնդիրներին, 2001-2003թթ. համար կառավարության կողմից մշակված մակրոտնտեսական զարգացումների երկու՝ բալային և լավատեսական սցենարներին: Եզրափակելով «Տնտեսական աճի ու աղքատության նվազեցման տնտեսական գերակայություններն ու հեռանկարները» թեմայով իր ելույթը, ՀՀ կառավարության ղեկավարը աղքատության պատճառներն ու բնույթն ավելի ամբողջական պատկերացնելու և տարբեր գործընթացների արդյունավետության աստիճանը գնահատելու համար մեծապես կարևորեց բազմակողմանի մոնիտորինգի համակարգի ստեղծումը: Սոցիալական և մարդկային զարգացման առաջընթացը գնահատելու, դրանց խոչընդոտող երևույթները կանխարգելելու նպատակով կառավարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ և այլ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ ստեղծել է արագացված մոնիտորինգի և կանխազգուշացման հատուկ համակարգ: Նշվեց, որ աղքատության նվազեցման ռազմավարության մշակման գործընթացը կազմակերպելու և դրա հետ կապված քաղաքականության ուղղորդման նպատակով, կառավարությունը ստեղծել է Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի մշակման համակարգման խորհուրդ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթից հետո Միջազգային արժութային հիմնադրամի ներկայացուցիչը ևս ներկայացրեց տնտեսության կայունացման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկումները և ԱՄՀ-ի ծրագրերի շրջանակներում ծավալած գործունեությունը: Նա խոսեց նաև արտաքին ֆինանսական կարիքների մասին, անդրադարձավ մակրոտնտեսական իրավիճակին և պետական պարտքի մեծությանը՝ նշելով այդ ուղղությամբ կառավարության մեծ ջանքերը, որոնք տարեսկզբի համեմատ 2001 թվականին արդեն առաջընթաց ունեն: ԱՄՀ-ի ներկայացուցչի ելույթում ևս շեշտադրումները դրական էին: Կայուն հավասարակշռված տնտեսական աճ Կարճատև ընդմիջումից հետո Հայաստանի կառավարության կողմից հիմնախնդիրների այս շրջանակը ներկայացրեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: Նա հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ծանոթացրեց նաև Նյու Յորքում կայացած ներդրումային համաժողովի արդյունքներին: Ապա մասնակիցները ունկնդրեցին ներդրումների արագացմանն ու համընդգրկուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված Համաշխարհային բանկի նկատառումներն ու նշված խնդիրների վերաբերյալ ԱԱՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ճապոնիայի կառավարության մեկնաբանությունները, որոնց շուրջ տեղի ունեցավ քննարկում: Պետական կառավարում ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման համակարգի բարեփոխումները, ձեռնարկվող հակակոռուպցիոն քայլերն ու պետական ծախսերի կառավարման խնդիրները իր ելույթում ներկայացրեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նշելով պետական կառավարման համակարգի բարեփոխումների ազդեցությունը տնտեսական բարեփոխումների արդյունքների վրա և դրանց ուշացման հետևանքները տնտեսության ստվերայնության, կոռուպցիայի, աղքատության խորացման հարցերում, Տ. Թորոսյանը ներկայացրեց ՀՀ-ում պետական կառավարման համակարգի բարեփոխումների ներկա վիճակը, հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման ուղղությամբ արդեն արված քայլերն ու ծրագրերը: Դրանք, ըստ նրա, իրականացվելու են, մասնավորապես, օրենսդրական գործունեության, գործընթացին հասարակության ներգրավման, միջազգային համագործակցության և այլ երկրների փորձի ուսումնասիրության ոլորտներում: Տ. Թորոսյանը կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր բաղադրիչներից մեկը համարեց պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացումը, դրանում կարևորելով արդեն ձևավորված պետական գնումների գործակալության՝ իբրև գործուն մեխանիզմի դերը: Ներկայացված հիմնախնդրի վերաբերյալ մեկնաբանություններ տրվեցին Միացյալ Ազգերի զարգացման ծրագրի կողմից, որից հետո տեղի ունեցավ քննարկում: Մարդկային զարգացում Օրվա երկրորդ կեսին ՀՀ-ում մարդկային զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի կառավարության մոտեցումներն ու ձեռնարկած քայլերը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը: Իր ելույթում նա անդրադարձավ երեք ոլորտների՝ կրթության, սոցիալական ապահովության և առողջապահության հիմնախնդիրներին՝ հանգամանորեն ներկայացնելով այս ոլորտներից յուրաքանչյուրում առկա վիճակը, հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությունները և այդ աշխատանքներում համագործակցությունը հիմնական դոնորների ու այլ կազմակերպությունների հետ: Կրթության ոլորտի գլխավոր խնդիրներից նախարարն առանձնացրեց համակարգի անհամամասնական ֆինանսավորումն ու թերֆինանսավորումը, օրենսդրական անկատարությունը, կրթության համակարգի կառավարման անկատարությունը, լիազորությունների ոչ հստակ տարանջատումն ու համադասումը, կադրային անապահովվածությունը, նյութատեխնիկական և ուսումնամեթոդական անբավարար հիմքը և այլն: Ըստ Ա. Մկրտչյանի, ՀՀ-ում կրթության պետական ֆինանսավորումը կազմում է ընդհանուր բյուջեի շուրջ 10 տոկոսը, ըստ որում՝ ֆինանսավորման բաշխումը ըստ կրթական ոլորտների ցույց է տալիս, որ պետության ուշադրության կենտրոնում առավելապես հանրակրթական դպրոցի հիմնախնդիրներն են: Կրթական քաղաքականության լիարժեք իրականացմանը խոչընդոտում են օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կիրառման մեխանիզմների անկատարությունը, օրենսդրական դաշտում առկա հակասությունները: Բացակայում են օպերատիվ կապերը պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, թույլ են նաև ուսումնական հաստատությունների ինքնակառավարման մեխանիզմները: Ըստ նախարարի, աշխատավարձի, մասնագիտական վարկանիշի ցածր մակարդակի ու սոցիալական թույլ պաշտպանվածության պատճառով առկա է որակյալ կադրերի արտահոսք համակարգից: Ներկայացնելով կրթության համակարգում առկա խնդիրների լուծման, իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, նախարարը նշեց, մասնավորապես, դպրոցների կառավարման և ինքնակառավարման իրավական հիմքի կատարելագործումը, հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման ապակենտրոնացումը, ֆինանսավորման նոր եղանակների ներդրումը, մանկավարժական և վարչական կադրերի որակավորման բարձրացումը, պետական ուսումնական ծրագրերի բարելավումն ու դասագրքերի տպագրումը և այլն, որոնց արդյունավետ լուծման գործում ՀՀ կառավարությունը կարևորում է Համաշխարհային բանկի և միջազգային ֆինանսական այլ կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը: Սոցիալական ոլորտի հիմնախնդիրներից Ա. Մկրտչյանի ելույթում առանձնացվեցին ֆինանսական միջոցների անբավարարությունը, համակարգի թերզինվածությունը, զբաղվածության ցածր մակարդակը, կենտրոնացված տեղեկատվական և տվյալների բազայի անկատարությունը, աղքատության բարձր ցուցանիշը, սոցիալապես խոցելի խմբերի առկայությունը: Ըստ նախարարի, նշված հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթ նախաձեռնություններից են աշխատանքային իրավահարաբերությունների կանոնակարգումը, աշխատանքային օրենսգրքի ընդունումը, աշխատանքի պետական տեսչության ստեղծումն ու սոցիալական գործընկերության զարգացումը: Նշելով, որ փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված միջոցառումները դեռևս արդյունավետ չեն և նշանակալիորեն չեն ազդում գործազրկության կրճատման վրա, որի հետևանքով շարունակվում է արտագնա աշխատանքային գործունեության տարերային հոսքը, Ա. Մկրտչյանը, որպես այդ խնդիրների լուծման հիմնական ուղղություններ առանձնացրեց զբաղվածության օպտիմալ մակարդակի ապահովումը, զբաղվածության ոլորտում գործազրկությունից անցումը պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգին, ընտանեկան բիզնեսի խթանումը, զբաղվածության խրախուսման հիմնադրամի ստեղծումն ու գործազուրկների մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրումը: Նախարարը կարևորեց նաև աղքատության ընտանեկան նպաստի համակարգի ստեղծումը, որը նրա բնորոշմամբ, սոցիալական աջակցության բնագավառի պետական ամենամեծ ծրագիրն է: Սոցիալական ապահովության ոլորտում հիմնվել է տեղեկատվական-վերլուծական կենտրոն, որում կենտրոնացվելու են ընտանեկան նպաստների, կենսաթոշակային ապահովության, զբաղվածության, հաշմանդամների և այլ բնագավառների տեղեկատվական բազաները և կարգավորվելու է տեղեկատվական հոսքերի կառավարումը: Առաջարկված միջոցառումներն ու ծրագրերը արդեն իսկ սկսել են իրականացվել մի շարք միջազգային, ինչպես նաև տեղական բարեսիրական կազմակերպությունների աջակցությամբ: Անցումը էապես նոր՝ շուկայական հարաբերություններին մի շարք հիմնախնդիրներ առաջ բերեց նաև առողջապահության ոլորտում: ըստ Ա. Մկրտչյանի, դրանից կարևորներն են բնակչության առողջապահության ցուցանիշների վատթարացումը, համակարգի ֆունկցիոնալ, ապա՝ ինտեգրացումն ու կառավարելիության անկումը, ռեսուրսների (կադրեր, շենքեր) զգալի ավելցուկի գոյացումն ու դրանց անհամաչափ բաշխումը, ֆինանսական միջոցների անբավարարությունը, դրամի ստվերային շրջանառության առկայությունն ու իրավա-նորմատիվային բազայի անկատարությունը: Նշելով, որ իրականացվող որոշ ծրագրերի արդյունքում վերջին մեկ-երկու տարիներին հնարավոր է եղել հաջողությամբ ներդնել ծախսերը զսպող մեխանիզմներ և զգալիորեն կասեցնել կուտակված բյուջետային պարտքերի միտումը, Ա. Մկրտչյանը, այնուամենայնիվ, մտահոգիչ համարեց ՀՀ պետական բյուջետային ֆինանսական միջոցներով բնակչությանը լիարժեք բժշկական օգնության իրականացման խնդիրը: Ըստ առողջապահության նախարարի, 1996թ. -ից առ այսօր ՀՀ կառավարության տեղական և միջազգային կազմակերպությունների համատեղ ներդրումներով մշակվել են բազմաթիվ ծրագրեր՝ ոլորտում առկա բոլոր հիմնախնդիրների շրջանակներում բարեփոխումներ իրականացնելու համար: Հիմնական ձեռնարկումների շարքում Ա. Մկրտչյանը նշեց, մասնավորապես, առողջության առաջնային պահպանման օղակի դերի բարձրացումն ու ընտանեկան բժշկության ներդրումը, բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը, համակարգի օպտիմալացումն ու կառուցվածքային վերափոխումը, կառավարման և տեղեկատվական համակարգերի բարելավումը, բժշկական կրթական համակարգի արդիականացումը, օրենսդրական դաշտի բարելավումը և այլն: Նշելով, որ թվարկված ձեռնարկումների շրջանակներում արդեն իրականացված են, մի մասը ընթացքի մեջ են և առաջիկա զարգացման համար ձևավորված ու համաձայնեցված են մի շարք ծրագրեր, Ա. Մկրտչյանը հատկապես կարևորեց միջազգային համապատասխան կազմակերպությունների գործուն մասնակցությունը այդ ծրագրերի իրագործմանը: ՀՀ առողջապահության նախարարի ելույթից հետո մեկնաբանություններով հանդես եկավ Բրիտանական միջազգային զարգացման դեպարտամենտը, որից հետո տեղի ունեցավ քննարկում: Վաղը՝ հուլիսի 11-ին, լիագումար նիստը կշարունակի իր աշխատանքը: Սպասվում են արտաքին օգնության կարիքների ու գերակայությունների վերաբերյալ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի ելույթը, ինպես նաև դոնոր երկրների ներկայացուցիչների ելույթները՝ ՀՀ տնտեսության հիմնական ոլորտներում օգնության առաջարկությունների ներկայացմամբ: Վերջում նախատեսվում է Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիս:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ