հինգշաբթի, 8 հունիսի 2006
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է նախորդ նիստի որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքը, ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից ներկայացված Վառելիքաէներգիական պաշարներ սպառողի էներգիական անձնագրի նախագիծը, Վեդի քաղաքի կենտրոնացված ջեռուցման համակարգի վերականգնման հնարավորությունները, քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում դպրոցների ջերմամատակարարման համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ընտրության վերաբերյալ մրցութային հանձնաժողովի որոշումները, ընթացիկ այլ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը զեկուցել է, որ հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստում տրված շուրջ մեկ տասնյակ հանձնարարականները ժամանակին և ամբողջությամբ կատարվել են: Մասնավորապես, հանձնարարվել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել Քաղաքային ջեռուցման ծրագրի փոփոխված գնումների պլանը, ինչը ներկայացվել և հաստատվել է հոգաբարձուների խորհրդի 2006թ. մայիսի 4-ի նիստում: Այլ հանձնարարականների համաձայն, սահմանված կարգով կազմակերպվել է նշված ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման մրցույթ, որի արդյունքները ներկայացվել են խորհրդին, Հիմնադրամի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել է Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերության գազի և ջերմամատակարարման ծրագրի համաձայնագիր, որի շրջանակներում իրականացվող աշխատանքները լայնորեն լուսաբանվել են լրատվամիջոցներով, նշված համաձայնագրից բխող փոփոխությունների վերաբերյալ դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակված Գործառնական ձեռնարկի ամբողջական տարբերակը տրամադրվել է հոգաբարձուների խորհրդի անդամներին և հարցման կարգով հաստատվել նրանց կողմից:
Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշմամբ նախատեսված «Էներգախնայողության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ազգային ծրագրերի» մշակումն ապահովելու նպատակով ՀՀ էներգետիկայի նախարարության ներկայացրած Վառելիքաէներգետիկական պաշարներ սպառողի էներգիական անձնագրի նախագիծը: ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը նշել է, որ էներգիական անձնագիրը հնարավորություն է տալիս միատեղված ձևով օբյեկտիվ տեղեկատվություն ունենալ կազմակերպության վառելիքաէներգետիկական համալիրի պաշարների օգտագործման մակարդակի և արդյունավետության մասին: Հարցի վերաբերյալ վերջնական որոշում կընդունի ՀՀ կառավարությունը:
Վեդի քաղաքի կենտրոնացված ջերմամատակարարման վերականգնման հնարավորությունների հարցի կապակցությամբ, զեկուցվել է, որ հիմնավոր վերլուծությունների արդյունքում, նպատակահարմար է համարվել վերականգնման աշխատանքներն իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում նախատեսվում է վերականգնել 13 բազմաբնակարան և 7 վարչական շենքերի ջերմամատակարարումը: Երկրորդ փուլում՝ մնացած 25 բազմաբնակարան և վարչական շենքերի ջեռուցման համակարգերը: Հանձնարարվել է ուսումնասիրել այդ ոլորտում ներդրումների հնարավորությունները և հնարավոր ներդրողներին կողմնորոշել դեպի Վեդիի ջերմամատակարարման վերականգնման ծրագրի իրականացումը: