ուրբաթ, 9 հունիսի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 7 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղի միջնակարգ դպրոցի գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման աշխատանքների, ինչպես նաև «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման» ծրագրերը: Հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի վանահոր կացարանի վերականգնման, Սուրբ Գեղարդավանքի պարսպապատերի և օժանդակ կառույցների մասնակի նորոգման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Սևանի թերակղզու վանական համալիրի բարեկարգման, Մալաթիայի և Նոր Նորքի հայորդաց տների վերանորոգման ծրագրերը ևս:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: