հինգշաբթի, 12 հուլիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգի պատվիրակությանը՝ նահանգապետ Յահյա Մոհամմադզադեի գլխավորությամբ:
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, վարչապետը հույս հայտնեց, որ այն նոր խթան կհանդիսանա մոտ մեկ տարի առաջ սահմանամերձ Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի միջև սկիզբ դրված ակտիվ փոխգործակցությանը և, անկասկած, կնպաստի Հայաստան-Իրան կապերի սերտացմանը՝ նկատի առնելով, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի կողմից համակարգվող և մշակվող ծրագրերում մեծ տեղ է վերապահված Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատականի հետ համատեղ իրագործվող ծրագրերին:
Ընդգծելով Հայաստանի համար Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը, Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց նաև մարզպետի և Ատրպատականի նահանգապետի ակտիվ աշխատանքը փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ, որոնք խրախուսվում և աջակցություն են ստանում երկու երկրների իշխանությունների կողմից: Վարչապետը նշեց հատկապես վերջերս վերագործարկված Մեղրի-Նուրդուզ սահմանային շուկայի աշխատանքով այդ բնակավայրերում առևտրատնտեսական կյանքի աշխուժացման նշանակությունը, Մեղրի-Քաջարան թունելի շինարարության անհրաժեշտությունը հարևան երկու մարզերի հաղորդակցությունը դյուրացնելու հարցում, Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, որն ամբողջությամբ անցնելու է Ատրպատականի տարածքով, ինչպես նաև արդյունաբերության բնագավառում փոխշահավետ ծրագրերի շուրջ որոշակի համաձայնությունների իրագործման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը:
ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ պարոն Յահյա Մոհամմադզադեն ևս ընդգծեց, որ իր երկրի բարձրաստիճան ղեկավարությունն անչափ կարևորում է Սյունիքի մարզի հետ սկսված գործակցության հետագա զարգացումը, ինչն զգացվում է նաև Հայաստանի իշխանությունների մոտ: Նա նշեց, որ իր ղեկավարծ նահանգը արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի բնագավառներում մեծ հնարավորություններ և ներուժ ունի ու պատրաստ է փոխշահավետ ծրագրերում դրանք օգտագործել: Նահանգապետ Մոհամմադզադեն ՀՀ վարչապետին ներկայացրեց իր գլխավորած պատվիրակության, որի կազմում են նաև իրանցի գործարարներ, հայաստանյան հանդիպումների մասին՝ առանձնացնելով երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումները, ինչն, ըստ նրա, վկայում է Հայաստանի հետ Արևելյան Ատրպատականի համագործակցության շրջանակների ընդլայնման, խորացման և ավելի բարձր մակարդակ տեղափոխելու մասին: