երկուշաբթի, 12 հունիսի 2006
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարական կառավարման հարցերի և ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովների պատվիրակությանը:
Աշխատակազմի ղեկավար-նախարարը պատվիրակության անդամներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ-ում իրականացվող քայլերը, մասնավորապես՝ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը, մինչ այժմ արձանագրված ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները: Նա ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները քաջ գիտակցում են կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը և չափազանց կարևորում են հասարակության բոլոր առողջ և կառուցողական ուժերի, նաև միջազգային կազմակերպությունների ջանքերի համադրումը՝ այդ չարիքի դեմ պետության հետ համագործակցված պայքարելու գործում: Նախարարը խոսել է նաև ԳՐԵԿՕ-ին անդամակցելուց հետո, այդ կազմակերպության գնահատող խմբի կողմից Հայաստանին ներկայացված երաշխավորությունների կատարումն ապահովող միջոցառումների մասին, նշելով, որ միջոցառումների ծրագրով հստակ սահմանված են կատարման ժամկետները, պատասխանատուները, և ծրագրի իրականացման ընթացքը լինելու է ՀՀ նախագահի հրամանագրով ձևավորված և վարչապետի գլխավորությամբ գործող կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մշտական հսկողության ներքո: Մանուկ Թոփուզյանն անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը, խորհրդի նիստերում մինչ այժմ քննարկված հարցերին և լսված հաշվետվություններին, որոնք ներառել են ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ դատական համակարգում, դատախազության մարմիններում, հարկային և մաքսային ոլորտներում հակակոռուպցիոն ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը: Այդ ամենն, ըստ նախարարի, եղել է հանրությանը հասանելի, հրապարակային և ամբողջությամբ տեղադրվել է ՀՀ կառավարության ինտերնետային պաշտոնական էջում: Նախարարն ընդգծել է նաև, որ ՀՀ կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ևս հատուկ կարևորված է կոռուպցիայի դեմ պայքարը՝ իբրև աղքատության հաղթահարման կարևոր նախադրյալ:
Հանդիպման ավարտին ՀՀ կառավարության ղեկավար-նախարարը պատասխանել է նաև հյուրերին հետաքրքրող հարցերին: