ուրբաթ, 23 հունիսի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը «Հայկական ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» միջազգային երկրորդ գիտաժողովի մասնակիցներին
Ողջունում եմ «Հայկական ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» միջազգային երկրորդ գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին:
Բոլոր ժողովուրդների բանահյուսական մշակույթի մեծագույն նվաճումն էպոսն է` որպես ազգային ու համամարդկային արժեքների բարձրարվեստ շտեմարան: Այն տվյալ ժողովրդի հոգեկերտվածքի, ազգային մտածողության և հավաքական գաղափարախոսության վկայությունն է, նրա ծագումնաբանության հավաստագիրը, համազգային երազանքների ու իղձերի խտացումը:
«Սասնա ծռեր» էպոսը` իր չորս ճյուղերով, մեր ժողովրդի անչափելի բարության ու մարդասիրության, անսահման համբերության ու տոկունության, արարման և հերոսական ոգու հավաստումն է: Դարեր շարունակ էպոսի հերոսների առասպելական կերպարները, Թուր Կեծակիի խորհուրդը ոգեշնչել են մեր ժողովրդին` պաշտպանելու իր ազգային ինքնությունն ու գոյության իրավունքը, ռազմի դաշտերում կերտելու պատմական հաղթանակներ:
Պատահական չէ, որ այս գիտաժողովն ավանդական բնույթ է ստանում և, դատելով նախորդ գիտաժողովի զեկուցումներում առկա խոր վերլուծություններից ու դրանց արձագանքներից, հավակնում է դառնալ աշխարհի տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգության ուսումնասիրության, այդ բնագավառում կուտակված հարուստ փորձի փոխանակման և գիտագործնական հետագա փոխշահավետ համագործակցության գրավական:
Գիտաժողովի աշխատանքները կարևորում եմ նաև որպես ժամանակի հրամայական, որպես մշակութային համաշխարհայնացման և ժողովուրդների ինտեգրման պայմաններում մշակույթների ինքնատիպության, բանահյուսության բազմազանության, ժողովրդի կենսակերպի և գոյատևման փիլիսոփայության գիտական վերհանման լուրջ միջոց: Հավատացած եմ, որ այս առումով նույնպես գիտաժողովը էական դերակատարություն ունի: Մեկ անգամ ևս ողջունելով գիտաժողովի բոլոր մասնակիցներին, հյուրերին` մաղթում եմ արգասավոր աշխատանք: